12/06/2019 12:29
«Խնդրում եմ պարզաբանել՝ պարոն նախարարը ինչո՞ւ չի ներկայացել այսօր ևս». Մանե Թանդիլյանը նկատողություն արեց Սուրեն Պապիկյանին
ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նկատողություն արեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ով չէր ներկայացել քննարկմանը:
«Խնդրում եմ պարզաբանել՝ պարոն նախարարը ինչո՞ւ չի ներկայացել այսօր ևս: Ես տեղեկացա, որ երկրում չէ, բայց այս գրաֆիկը մեկ ամիս առաջ ուղարկվել է նախարարին ու խնդրել ենք, որ իրենց ժամանակի մեջ տեղավորեն: Պետք է խնդրեմ, որ նախարարը տեղեկացվի: Սա արդեն երկրորդ անգամ է, որ Ձեր հետ հանդիպմանն այդ մասին հիշեցնում ենք: Անհրաժեշտություն կա, որ բյուջեի քննարկանը ներկայանան նախարարները, ովքեր մեկ ամիս առաջ իմանում են, որ այս օրը այս ինչ ժամին պետք է տեղի ունենա քննարկումը», - ասաց Թանդիլյանը՝ դիմելով փոխնախարար Վաչե Տերտերյանին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ նախարարի բացակայությունը թույլ չի տալիս բարձրաձայնել այն հարցերը, որոնք իրենք նախապատրաստել են:
«Խիստ կարևոր է, որ նախարարը ներկա լինի այսօր և պատասխանի մեր հարցերին, որովհետև նախարարին մենք քաղաքական պատասխանատվության հարցեր ունենք ուղղելու, որը Ձեր դեպում, պարոն Տերտերյան, չենք ուղղի», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, երեկ Մանե Թանդիլյանը նաև բացակայության համար նկատողություն էր արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
Բյուջեի քննարկման առաջին օրը վարչապետը հայտարարել էր, որ հանձնարարել է բոլոր նախարարներին անձամբ ներկա գտնվել քննարկումներին և հանդես գալ զեկույցներով: