12/06/2019 14:49
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար ԲՀԿ-ն բազմաթիվ քրեաօլիգարխիկ գործիքակազմերի կիրառումներ է թույլ տվել. Կոտայքի մարզպետ
Աբովյանի ընտրությունների արդյունքները գլոբալ քաղաքական տեսանկյունից Հայաստանի հաղթանակն էր, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նկատեց, որ հաղթեց խորհրդարանական ընդդիմության հովանավորյալ թեկնածուն, ինչը բնորոշ չէր մինչհեղափոխական Հայաստանին:
Միևնույն ժամանակ մարզպետը նշեց, որ իրենց քաղաքական թիմի տեսանկյունից սա դե յուրե պարտություն էր և պատահական չէր, որ իրենք որակեցին ընտրությունները որպես «արժանապատիվ քաղաքացու պարտություն».
«Հաղթող թեկնածուն և իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են կատարել՝ կիրառելու հին, քրեաօլիգարխիկ գործիքակազմեր», - ասաց նա:
Դիտարկմանն՝ արդյոք ունի՞ ապացույցներ առ այն, որ քրեաօլիգարխիկ գործիքակազմ է կիրառվել՝ Պետրոսյանն ասաց.
«Փաստն այն է, որ քաղաքապետի թեկնածուն և իր շտաբն առհասարակ կառավարվում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Գագիկ Ծառուկյանի անմիջական մերձավոր շրջապատի գործիչների կողմից: Գագիկ Ծառուկյանի ամբողջ թիկնազորը տեղամասերում ու տեղամասի շրջակայքերում էր, Աբովյանի ավագանու գերակշիռ մասը նույնիսկ ենթաշտաբերի պետեր էին»:
Հարցին՝ ի՞նչ նկատի ունի քրեաօլիգարխիկ գործիքակազմ ասելով՝ Պետրոսյանն ասաց.
«Հենց այն արտահայտությունը, որ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանն ասում է, թե «Աբովյանը չենք ուզում գործ տվողների քաղաք դարձնել», ի՞նչ է ասել «գործ տվող»: Գործ տվողն այն քաղաքացի՞ն է, որն իրավապահ մարմիններին է ահազանգում իր անվտանգության համար, գործ տվողն այն համայնքապե՞տն ու մարզպե՞տն է, ով հնարավոր իրավախախտումները բացահայտելու համար ներգրավում է իրավապահ մարմիններին: Գուցե քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչը ցանկանում է Աբովյանում հարցերը լուծել գողականով։ Ես այդ հարցի շուրջ խոսելիք ունեմ ԱԺ նախագահի հետ և մտադիր եմ էթիկայի հանձնաժողով հրավիրելու խնդրանքով հանդես գալ, որ հանձնաժողովը հավուր պատշաճի քննի այդ արտահայտությունը»։
Մարզպետը նաև նկատեց, որ հաղթած քաղաքապետը քաղաքացուն ոչ պատշաճ քարոզարշավ է իրականացրել.
«Քաղաքական նոր մշակույթին հարիր չէ խորովածաքյաբաբային փարթիի միջոցով բակերում հավաքել քաղաքացիներ», - ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Աբովկանում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:
Այստեղ լարված պայքար է ընթացել Գևորգյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի միջև: Կոտայքի մարզպետն ընտրությունների ժամանակ արձանագրել էր, որ ԲՀԿ-ին սատարող անձանցից մեկի մոտ ցուցակ կա՝ անուն ազգանուններով և հեռախոսահամարներով: