12/06/2019 11:01
ՍԴ թեկնածուների նկատմամբ ԱԺ մեծամասնության հավատաքննության թեստերը հաշվի առնելով ԲԴԽ թեկնածու չենք ներկայացրել. Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրել է՝ ինչու իրենք Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու չեն առաջադրել։
«Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու, և անգամ զրուցել մի շարք հայտնի իրավագետների հետ։ Սակայն բոլորն էլ խուսափել են առաջադրումից՝ հաշվի առնելով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հետ կապված Ազգային Ժողովի մեծամասնության կողմից անցկացված հավատաքննության թեստերը։
Հասկանալով, որ ընդդիմության կողմից ներկայացվող թեկնածուն հնարավորություն չունի ընտրվելու առանց քաղաքական մեծամասնության կամքի, նրանք բոլորը հրաժարվել են։
Եթե այդ նույն քաղաքական մեծամասնության առաջնորդները հայտարարեն, որ պատրաստ են արհեստական պատճառաբանություններով չխոչընդոտել և չդարձնել ընդդիմության թեկնածու առաջադրելը պատրանքային, մենք կառաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թափուր տեղի համար թեկնածու», -հայտարարել է Մարուքյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: