12/06/2019 15:26
Քաղաքացի Յուրա Ադյանը հերքում է իր մասին հրապարակված նյութը
Քաղաքացի Յուրա Ադյանը դիմել է Aysor.am կայքի խմբագրություն՝ խնդրելով հերքել «Օրվա մամուլ» բաժնում 2019 թ. մայիսի 9-ին հրապարակված նյութը՝ ««Ժամանակ». Ադյան եղբայրների հորեղբայրը նախկին իշխանությունների ժամանակ գնումների ոլորտում «գել» է համարվել»:
Ներկայացնում ենք հերքման տեքստն ամբողջությամբ.
«www.aysor.am լրատվական կայք-էջում 09.05.2019թ-ին հրապարակվել է Յուրա Ադյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող և կեղծ փաստական տվյալների վրա հիմնված, Ադյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտիչ տեղեկություններ պարունակող հոդված:
Մասնավորապես, իրականությանը չի համապատասխանում վերը նշված հոդվածում հրապարակված այն տեղեկությունը, թե Յուրա Ադյանը ՊՎԾ-ում պաշտոն զբաղեցնող Ադյանների հորեղբայրն է, որ վերջինս նախկին իշխանությունների ժամանակ համարվել է գնումների ոլորտում «գել», ով մասնակցել է այնպիսի տենդերներին, որոնց ոլորտում մասնագիտացած չի եղել, իսկ շահելուց հետո պայմանագիրը վաճառել այլ ընկերության։ Իրականությանը չի համապատասխանում նաև տեղեկությունն այն մասին, որ նման մեխանիզմով տարիներ շարունակ Ադյանը կարողացել է միլիոններ դիզել՝ ունենալով նաև Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի բարձր հովանավորությունը, և որ Ադյանը իր ՍՊԸ-ները գրանցել էր Արցախում, որպեսզի ԱԱՀ չվճարեր։
Ելնելով վերոգրյալից www.aysor.am լրատվական կայք-էջը հրապարակում է սույն հերքման տեքստը և հերքում է 09.05.2019թ-ի հոդվածում տեղ գտած իրականությանը չհամապատասխանող վերը նշված տեղեկությունները»: