12/06/2019 19:27
Հայաստանի նման երկրի համար դժվար է համընդհանուր ներառականության անցնելը. Փորձագետ
Նախատեսված է, որ Հայաստանը մինչև 2023 թվականը պետք է անցում կատարի համընդհանուր ներառականության, ավելին՝ Երևանը դեռ անցած տարի պետք է անցած լիներ, սակայն գործընթացը հետաձգվեց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը, թե այս տարվա սեպտեմբերից Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառական կրթության:
«Իհարկե, Հայաստանի նման երկրի համար դժվար է համընդհանուր ներառականության անցնելը, որովհետև մեր կրթության բովանդակությունը, մոտեցումները հստակ չեն։ Պետք է այնպես անել, որ անցումը հաջող լինի, անցումը դիտվի որպես կրթական համակարգը զարգացնելու հնարավորություն։ Միաժամանակ, պետք է գիտակցել, որ խնդիրները շատ են. ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ անցումը ներառական կրթության սկզբնական շրջանում սխալ մոտիվներով է գնացել։ Գործընթացը դիտվել է որպես դպրոցի համար լրացուցիչ գումարներ ստանալու հնարավորություն», - ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։
Կրթության փորձագետի խոսքով՝ համընդհանուր ներառականության անցում կատարելուց առաջ դպրոցների տնօրենները պետք է լրջորեն վերապատրաստվեն, որպեսզի կարողանան խելամիտ կառավարում իրականացնել։
«Լուրջ խնդիր է նաև ուսուցիչների հարցը, որովհետև մանկավարժները պետք է կարողանան խնդիրներ ունեցող երախաներին ուսուցանել», - նկատեց մեր զրուցակիցը։