13/06/2019 18:33
Առավել մտահոգիչն այն է, որ մեծ հայկական համայնք ունեցող Ֆրանսիայում չկա ակնհայտ հակադրություն այս գործընթացներին. Հերմինե Մխիթարյան
Վերջին շրջանում ֆրանսիական դատարանները կայացրել են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության մասին հուշագրերը։ Այս թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:
«Ֆրանսիական քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության մասին հուշագրերի չեղարկման գործընթացը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Նախ, չմոռանանք, որ Ֆրանսիան արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկն է, և, ինչպես իրենց արձագանքում արդեն նշել են Արցախի ԱԳՆ-ից, նման քաղաքականությունը կարող է սխալ քաղաքական ազդանշան դառնալ Ադրբեջանի համար:
Սակայն որևէ կերպ չի կարելի այս զարգացումներից բխող մարտահրավերներն ու խնդիրները սահմանափակել միայն դրանով: Առավել անհասկանալին ու մտահոգիչն այստեղ այն է, որ մեծ ու կազմակերպված հայկական համայնք ունեցող այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է, չկա երևացող, ակնհայտ հակադրություն այս գործընթացներին: Ինչու՞ է լռում սփյուռքը: Գուցե, սպասում ու չի՞ ստանում ազդակներ Հայաստանից: Ի վերջո, այն համակարգված աշխատանքը, որ ժամանակին սփյուռքի նախարարությունն էր անում, այսօր պարզապես չի արվում, և մեր անկազմակերպ վիճակի ու դրանից բխող խնդիրների հետևանքով զրոյացվում է տարիներով արված աշխատանքը, արդյունքում օգտվում է հակառակորդը:
Այս խնդիրն իսկապես լուրջ մոտեցում է պահանջում: Պիտի գիտակցենք, որ այն չի սահմանափակվի միայն Ֆրանսիայով և, ըստ ամենայնի, շղթայական ռեակցիայով կտարածվի նաև եվրոպական այլ պետություններում: Ադրբեջանը ջանք չի խնայում այս հարցում, իսկ թե ու՞ր ենք մենք, որքանո՞վ ենք հետաքրքրված և տեղյակ, օրինակ, դատական ակտերի բողոքարկման գործընթացից և ինչպե՞ս ենք աջակցում՝ դեռ անհայտ է: Թեև առնվազն չի բացառվում, որ այստեղ ևս հայաստանյան իշխանությունները կարող են ասել, որ չեն ներկայացնում Արցախն ու անելիք չունեն…», - եզրափակեց փորձագետը: