13/06/2019 20:02
Զորացրվելուց հետո երազանքներիցս մեկը Ֆրանսիայում ՀՀ դեսպան դառնալն է. Կրտսեր սերժանտ Նարեկ Մակարյան
Ինչպիսի՞ն է հայ զինվորի օրը, ով դառնում է իր ընտանիքի, իր հասարակության, իր պետության անվտանգության երաշխավորը: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար այցելել ենք Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Մեր այցելության ժամանակ զինվորներն, ըստ օրվա կարգացուցակի, զենքի մաքրման աշխատանքներ էին կատարում:
Նրանցից մեկն էր կրտսեր սերժանտ Նարեկ Մակարյանը:
Մեր զրուցակիցը ծնվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Զբաղվում է սպորտով՝ ուժային եռամարտով: 2016թ.-ի հունիսի 8-ին դարձել է Եվրոպայի գավաթակիր: Զինված ուժեր զորակոչվել է 2018 թ.-ի հունվարին: Ուսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և ծառայությունը շարունակել որպես տանկի հրամանատար:
- Նարե՛կ, ինչպե՞ս եք հարմարվել զինվորական առօրյային:
- Սկզբում մի փոքր դժվար էր, բայց դա անցողիկ էր, քանի որ շատ շուտ համակերպվեցի զինվորական կյանքին ու առօրյային:
- Եվ ինչպիսի՞նն է զինվորի առօրյան:
- Զինվորական առօրյան պայմանավորված է օրվա կարգացուցակով՝ առավոտյան ֆիզպատրաստություն, դասեր, ճաշ, մարտավարական պատրաստություն: Իհարկե, ունենում ենք նաև ազատ ժամեր, որի ընթացքում զբաղվում ենք մեր նախասիրություններով:
- Իսկ արագ հարմարվեցի՞ք զինվորական ճաշին, ասում են՝ որոշակի պարբերականությամբ փոփոխություններ են լինում սննդակարգում:
- Բանակի սննդից չեմ դժգոհում: Չեմ կարծում, որ չհարմարվելու խնդիր կա, ես գոհ եմ:
- Ի՞նչն է նպաստում, որ ծառայության ընթացքում եղած դժվարությունները հեշտությամբ հաղթահարեք:
- Բանակում ծառայության ընթացքում եղած դժվարությունները հեշտությամբ հաղթահարելուն նպաստում են հայրենիքին ծառայելու, ժողովրդի նկատմամբ սրբազան պարտքը և հայրենիքի պաշտպանի սուրբ գործը կատարելու գիտակցումը։ Դրան նպաստում է նաև հրամանատարների ցուցաբերած վերաբերմունքը զինվորների նկատմամբ: Ծառայում ենք ինչպես պահանջվում է, իրար օգնում ենք։ Ամեն ինչ հոգատարության և խստապահանջության մթնոլորտում է: Մեկի հոգսը բոլորինս է, ինչպես նաև յուրաքանչյուրի ուրախությունն է բոլորինս:
- Իսկ ի՞նչ կցանկանայիք, որ փոխվեր զինվորական առօրյայում:
- Կցանկանայի, որ բանակում կարողանայինք ավելի շատ ժամանակ հատկացնել ընթերցանությանը:
- Հատկապես ի՞նչ ժանրի ստեղծագործություններ եք սիրում ընթերցել և ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
- Հիմնականում սիրում եմ ընթերցել դասական գրականություն: Ավելի շատ կարդում եմ Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները:
- Որտե՞ղ և ի՞նչ մասնագիտությամբ եք սովորել:
- Սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Ծառայությունից հետո ուսումս շարունակելու եմ:
- Ի՞նչ երազանքներ եք ունեցել ծառայությունից առաջ, և արդյոք դրանք փոխվե՞լ են ծառայության ընթացքում:
- Երազանքներս ծառայությունից առաջ և հետո չեն փոխվել. երազում եմ դառնալ դեսպան՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան:
- Ինչո՞ւ հենց Ֆրանսիայի:
- Շատ եմ հավանում Ֆրանսիան՝ մշակույթը, ժողովուրդը:
- Ի՞նչպիսին է կյանքն Արցախում։
- Արցախի մասին շատ ջերմ տպավորություններ ունեմ. մարդիկ բարեհամբույր են, բնությունը՝ գեղեցիկ, պատմամշակութային շատ վայրեր կան: