13/06/2019 17:55
Հունիսի 13-ի դրությամբ Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 9 դեպք
2019 թվականի հունիսի 13-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 9 դեպք, տեղեկացնում են Արցախի ԱՆ-ից։
Օձի խայթոցի առաջին ահազանգը արձանագրվել է 2019 թվականի մայիսի 8-ին` Քաշաթաղի շրջանում: Ընդհանուր խայթոցի դեպքերից 2-ը երեխաներ են: Նշենք, որ տուժածներից 8-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ 1-ի դեպքում` բժշկական ցուցում չի եղել:
Արցախի Հանրապետության բուժհաստատություններն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը և հատկապես երեխաներին լինել զգույշ, իսկ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ:
Օձի խայթոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բուժհիմնարկ` համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: