14/06/2019 13:27
Փաշինյանը փորձում է խմբագրել Արցախյան հակամարտության վերաբերյալ իր նախորդ հայտարարությունը. Աննա Կարապետյան
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքն է Արցախի իշխանություններին փոխանցել բանակցային այն փաթեթը, որ ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից: Սա, «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով, վարչապետի կողմից նախորդ հայտարարության խմբագրման փորձ է:
«Նորություն չէ, որ վարչապետի կողմից հաճախ մեծ ռեզոնանս առաջացնող իմպուլսիվ հայտարարություններ են արվում, որոնք հետագայում շտկելու կարիք է առաջանում: Մինչ այդ արված հայտարարությունն էլ այն մասին, թե Արցախի իշխանությունները նախկինում տեղյակ չեն եղել բանակցային գործընթացից և ինքն է իրենց տեղեկացրել, կարելի է այդ հայտարարությունների շարքին դասել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Փորձագետը կարծում է, որ Արցախի իշխանությունների արձագանքը վարչապետի այդ հայտարարությանն ու ակնառու փաստերը Նիկոլ Փաշինյանին ստիպեցին խմբագրել իր խոսքերը և ասել, որ միայն վերջին փաթեթն է ինքը փոխանցել:
«Սակայն այս պարագայում էլ այդ պնդումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի: Միջնորդների հայտարարությունն ու գործընթացի տրամաբանությունը հուշում են, որ սեղանին չկա հստակ բանակցային փաստաթուղթ, փաթեթ, որը կարող էր նախկին կամ ներկայիս իշխանությունների կողմից փոխանցվել Արցախի իշխանություններին: Պարբերաբար կողմերի և միջնորդների միջև տեղի էին ունենում մտքերի փոխանակումներ, հայտարարվում էր, որ քննարկվում են այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» տարբեր հնարավոր տարբերակներ: Եվ, անկասկած, այդ բոլոր տարբերակները մշտապես քննարկվել են նաև Արցախի իշխանությունների հետ: Ուստի, Արցախի իշխանություններից գաղտնի պահված փաթեթի մասին խոսելը տեղին չէ», - նշել է Կարապետյանը:
Փաշինյանի այն հայտարարության մեջ, թե բանակցություններին Ադրբեջանի պատվիրակության կազմում կարող են ներգրավված լինել նաև, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները», սակայն դա հարցեր կառաջացնի, Աննա Կարապետյանը ռիսկեր է տեսնում և կոչ է անում զգուշավոր լինել ձևակերպումների մեջ:
«Վարչապետը փորձում է զարգացնել մինչ այդ իր կողմից շրջանառության մեջ դրված թեզը, սակայն կարևոր է զգուշավոր լինել ձևակերպումների մեջ, քանի որ դրանք կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից: Բազմիցս համոզվել ենք, որ ադրբեջանական կողմն օգտագործում է ցանկացած հնարավորություն բանակցային օրակարգը շեղելու, իր շահերից բխող ուղղությամբ տանելու համար», - նշել է փորձագետը:
Կարապետյանն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Ադրբեջանը համառորեն մերժում է բանակցային գործընթացին Արցախի լիարժեք ներգրավման հնարավորությունը, և եթե դրա հետ մեկտեղ փորձ անի նաև բանակցություններին ներգրավել, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին, դա լրացուցիչ դեստրուկտիվ գործընթացի մեկնարկ կդառնա, և Հայաստանի ու Արցախի իշխանություններից մեծ ռեսուրսներ կխլի՝ իրավիճակը շտկելու համար: