14/06/2019 17:41
Քոչարյանի գործով դատավորն՝ անելանելի վիճակում. Դատարանում բոլոր կողմերն անվստահություն հայտնեցին Արմեն Դանիելյանին
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանի համար անելանելի իրավիճակ է ստեղծվել։ Դատավորության բոլոր կողմերը նրան բացարկ հայտնեցին, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ խորը անվստահություն կա։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միացավ տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը՝ դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին։ Թեպետ Ալումյանը նաև ընդգծեց, որ Սեդա Սաֆարյանի ներկայացրած միջնորդության հիմքերի վերաբերյալ ունեն վերապահումներ ու ավելին՝ համաձայն չեն դրանց հետ։
Նկատենք, որ Սեդա Սաֆարյանը հայտարարել էր, որ դատավոր Դանիելյանի նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ու «ենթարկվել նրա գծած քաղաքական սխեմային»։
«Հարգելի դատարան, այս դատավարության ընթացքում կողմերի մեջ մեկը չկա, որ Ձեզ վստահի։ Ես կարծում եմ, որ դուք պիտի ինքնաբացարկ հայտնեք», - հայտարարեց Ալումյանը՝ դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին ։
Դատավորին բացարկ հայտնեց նաև այս գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
«Դուք չեք կարող առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել կամ փոփոխել, այս կազմով դուք դրա լիազորությունը չունեք։ Դուք պետք է ընդունեք նոր որոշում, օրինակ՝ գործի վարույթը կարճելու մասին։ Եվ ուրեմն, պարոն Դանիելյան, բացարկ եմ հայտնում ձեզ և միջնորդում եմ հայտնել ինքնաբացարկ», - հայտարարեց Կարեն Մեժլումյանը։
«Հարգելի դատարան, ես Ձեզ վստահում եմ», - ծանր մթնոլորտը փորձեց ցրել Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը ու շտապեց ավելացնել.
«Ես միշտ վստահել եմ Ձեզ, բայց հիասթափված եմ դուրս եկել Ձեր բոլոր դատական նիստերից, հավատացեք։ Այդպիսի մի ընդունված կարգ կա մեզանում՝ երբ կոլեգայիդ պատմում ես, թե ինչպես ընթացավ դատական նիստը, քեզ հարցնում են՝ «իսկ ինչպե՞ս պահեց քո նկատմամբ դատավոր Դանիելյանը՝ ընդգծված հարգալի՞ց, թե՞ ոչ»։ Երբ ասում են՝ «առավել քան ընդգծված հարգալից վերաբերմունք դրսևորվեց», արձագանքում են՝ «ուրեմն մերժել է»։ Եվ միշտ այդպես ասողները ճիշտ են։ Դուք կարող եք իջնել ձեր տեղից, մոտենալ փաստաբանին, սեղմել նրա ձեռքը, ասել՝ որքան եք հարգում նրան, և այդ պահից մենք իմանում ենք, որ դուք որոշումը կայացրել եք նախքան խորհրդակցական սենյակ մտնելը, նախքան կողմի կարծիքը լսելը»։
Սահակյանը հայտարարեց, որ միանում է Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին, որով փաստաբանը բացարկ էր հայտնել դատավոր Դանիելյանին։
Դատարանում խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը և հերթական անգամ հորդորեց Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել.
«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ փիս»։
Դատարանի նկատմամբ անվստահությունն ամբողջացրեց գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նա նույնպես վկայակոչեց դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը, որը ձևավորվում է փաստաբանների գնահատականների հիման վրա։
«Դուք ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն եք, որն ունի քրեական գործերով մասնագիտացում։ Այդ գնահատմանն այս տարի չեմ մասնակցել, բայց այդ գնահատականներին ավելացրեք իմ ձայնը՝ դուք որևէ պարագայում օբյեկտիվ չեք կարող լինել», - իր կողմից դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց պաշտպան Պողոսյանը։
Ավելի վաղ, հիշեցնենք, դատախազները ևս միացել էին Սեդա Սաֆարյանի միջնորդությանը՝ կասկած հայտնելով դատավորի անաչառության վերաբերյալ։