14/06/2019 18:14
Գործուղումներն այսուհետև կիրականացվեն խիստ հսկողության ներքո. ԱԻ նախարար
Հունիսի 14-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների և տվել հանձնարարականներ: Առաջին հարցը, որի վրա ուշադրություն է հրավիրել Ֆ. Ցոլակյանը, վերաբերում էր հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակին: Նախարարը նշել է, որ հունիսի վիճակագրությամբ 13-14 անգամ աճել է հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ, և հանձնարարեց ուժեղացված ու օպերատիվ ռեժիմով հսկողության տակ պահել իրավիճակը:
Հաջորդ հարցը վերաբերել է ԱԻՆ ՓԾ տարածքային կառույցների կողմից մարզերում գրանցված կարկուտի մասին ոչ պատշաճ զեկուցմանը: Գերատեսչության ղեկավարը մարզային ստորաբաժանումների ղեկավարներին խստագույնս հանձնարարել է մշտապես կապ պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների, այլ շահառու կառույցների հետ և պարբերաբար զեկուցել, թե որ համայնքներն են տուժում կարկուտից:
Նախարարն անդրադարձել է նաև գործուղումների խնդրին՝ նշելով, որ դրանք երբեմն բավական ուռճացված են և անտեղի, ու շեշտել, որ այսուհետև դրանք կիրականացվեն խիստ հսկողության ներքո:
ՄՓՎ-ի պետերին Ֆ. Ցոլակյանը հանձնարարել է ուսումնասիրել և մինչև հուլիս զեկուցել մարզում առկա ոլորտին առնչվող խախտումների և ապօրինությունների վերաբերյալ:
Նախորդ շաբաթ Գեղարքունիք կատարած այցի շրջանակներում նախարարը հանձնարարել էր ուժեղացված ռեժիմ սահմանել Սևանա լճի հանգստյան գոտիների լողափերում՝ կապված զբոսաշրջիկների՝ սպասվող մեծ հոսքի հետ: Նախարարը նշել է, որ Սևանա լիճը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակում է ընդգրկվել, ուստի` սպասվում է զբոսաշրջիկների մեծ ներհոսք, և անհրաժեշտ է ուժեղացված ծառայությամբ ապահովել մարդկանց անվտանգությունը:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է դրսևորել առավելագույն կարգապահություն, քանզի փրկարարությունն անկարգապահություն չի հանդուրժում: