15/06/2019 12:32
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կառույցում, իբրև թե, հասունացող կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ
Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից:
Ոստիկանույթունը պարզաբանում է տարածել, ըստ որի այս տեղեկատվությունն անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով:
«Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ Ուստի, եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փատերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ և դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։
Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից», - ասված է ոստիկանության պարզաբանման մեջ։