17/06/2019 15:47
Քաղաքացու աշխատանքային իրավունքները ոտնահարվել են, դիմել է ՄԻՊ-ին, արձագանք դեռ չկա
Ամուսնուս աշխատանքային իրավունքները ոտնահարվել են, դիմել ենք ՄԻՊ, բայց արդեն հույս չունենք, որ կօգնեն, Aysor.am-ի խմբագրություն դիմած տիկին Արմինեն է ասում՝ ներկայացնելով ամուսնու՝ Սարգիս Մարտոյանի աշխատանքային իրավունքների ոտնահարումը:
Քաղաքացի Սարգիս Մարտոյանն աշխատել է «Սանիթեք» ընկերությում՝ որպես բանվոր մինչև 2019 թվականի փետրվար ամիսը.
«Սարգիսը դուրս եկավ գործից, որովհետև այդ ծանր աշխատանքի դիմաց 120 հազար դրամը շատ համարեցին ու իջացրին աշխատավարձը՝ դարձնելով 80 հազար դրամ»:
Քաղաքացին նշում է, որ մայիսի 13-ին ամուսնու հետ ՄԻՊ գրասենյակ են այցելել ու նամակ են մուտքագրել, ՄԻՊ-ից էլ իրենց փաստաբանի համար են տրամադրել, ով խոստացել է՝ մեկ ամսվա ընթացքում հարցը կլուծվի:
«Մեզ ասացին, որ մեր գործերով Լուսինե Վարոսյանն է զբաղվելու: Զանգեցինք, ես ինքս լսեցի, որ փաստաբանն ամուսնուս ասաց՝ մի ամսվա ընթացքում գործը կլինի, որ գործը կուղարկեն քաղաքապետարան ու մի ամիս հետո փողը կստի: Մի ամիս անցավ, ինքը անգամ չզանգեց, ամուսինս զանգեց, ասեց՝ «չեմ կարա ասեմ, թե երբ կլինի, մի ամիս հետո պատասխանդ կլինի քաղաքապետարանից, հետո կգնա վարչություն»… Ասեցի, էս ի՞նչ քարոզներա կարդում, խաբում են երևի, չի նստի: Հետո ամուսինս գործի էր, չէր կարող այնտեղից զանգել, ես զանգեցի, բայց փաստաբանը ասաց՝ «Դուք չզբաղվեք, Դուք գործ չունեք», ասաց, որ ինչ պետք է ամուսնուս արդեն ասել է, ջղայնացավ ու անջատեց հեռախոսը՝ կես խոսքը բերանիս: Դրանից հետո զանգեցի ՄԻՊ թեժ գիծ, ասեցի՝ «Եթե չլուծվի այս հարցը, իմ երեխեքին կվերցնեմ կգնամ Նիկոլի մոտ կբողոքեմ, որ մեզ ՄԻՊ-ը խաբում է»: Ասեցին՝ «այս երկու օրը կլինի», բայց ուրա՞ չկա, իրանք էլ խաբեցին մեզ», - պատմում է մեր զրուցակիցը:
Նա նշում է, որ աշխատանքից դուրս գալուց առաջ ամուսինը ճշտել է «Սանիթեքի» հաշվապահից՝ իր վերջնահաշվարկը կազմում է 250 հազար դրամ.
«Հաշվապահը ասել է, որ այդքան է կազմում, բայց ասել է՝ չգիտեմ, թե երբ կկարողանանք տալ: Ամուսինս էլ չի ուզում էս գործով զբաղվել, չի հավատում, որ կօգնեն, բայց եքա փողա էլի, 250 հազարը քիչ փող չի, չենք կարող դրանից հրաժարվել: Հեշտ չի աշխատել, հետն էլ երկու անչափահաս երեխա ունենք ու վարձով ենք ապրում: Ընդհամենն ուզում եմ հասկանալ հիմա ՄԻՊ-ի օգնությունն ակնկալե՞նք, թե՞ ձեռ քաշենք, հաշտվենք էս իրավիճակի հետ», - նշում է քաղաքացին՝ հավելելով, որ ՄԻՊ-ից իրենց տրամադրված ստացականում նշված է, որ բողոքի վերաբերյալ ՄԻՊ որոշումը իրենց կտրամադրվի 30 օրվա ընթացքում, մինչդեռ մինչև այսօր պատասխան չեն ստացել: