17/06/2019 19:15
#Anti Fake PRESIDENT բողոքի ակցիա Երևանի կենտրոնում և ՀՀ նախագահի նստավայրի դիմաց (Տեսանյութ)
Բաղրամյան 26 հասցեում՝ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կրել է է #Anti_Fake_PRESIDENT խորագիրը։
Մինչ այդ նրանք Երևանի կենտրոնում իրազեկման ակցիա են անցկացրել:
Ըստ կազմակերպիչների, ակցիայի նպատակն է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը։
«Նախագահի պարտականությունները կատարող Արմեն Սարգսյանը, երբ պարտավոր էր իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները և հետևել Սահմանադրության պահպանմանը, անգործություն է դրսևորել` այդպիսով նպաստելով ՀՀ Սահմանադրության ոտնահարմանը։ Իսկ արդեն վերջերս Արմեն Սարգսյանը օրենքի ակնհայտ խախտումով ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել մի մարդու, որը ոչ միայն քաղաքական շահերով կաշկանդված և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերով` իր կողմից ուղղորդվող մարդ է, այլև նույն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում: Ավելին, Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի խոսքերով` այդ նշանակումն արվել է «քաղաքական շահարկումներից զերծ մնալու» համար», - նշել են կազմակերպիչները:
Ակցիայի մասնակիցները փուչիներ բաց թողեցին նախագահի նստավայրի դիմաց, ասելով, թե նախագահի ողջ կառավարման ընթացքն են խորհրդանշում այդ փուչիկները։ Նրանք նաև պաղպաղակներին էին բաժանում, ասելով, թե դա նախագահի գործը չէ, այլ իրենց։