17/06/2019 14:25
Մենք կարող ենք ավելիին հասնել. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ
Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թ. գործողությունների երրորդ ծրագիրը հաստատվում է այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը եվրոպական միասնական արժեքներին ու չափորոշիչներին, ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ այսօր այս մասին ասաց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին։
«Եվրոպայի խորհրդի կառավարող մարմինները վերջին շրջանում ուշադրություն են հրավիրել այն կարևոր ժողովրդավարական բարեփոխումների վրա, որոնք իրականացվում են Հայաստանում։ Խրախուսվել է շարունակել առաջընթացը՝ ավեացնելով դատական համակարգի անկախությունը, ընդունելով նոր քրեական օրենսգիրք և ստեղծելով նոր կառույցներ, որոնք կզբաղվեն կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարով։ Այս ծրագրերը Հայաստանն ապագայի համար ավելի լավը կդարձնեն», - ասաց եվրոպացի պաշտոնյան։
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը շեշտեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում բարելավվել է բանտերի առողջապահական ծառայությունը, զինված ուժերում բարձրացել են մարդու իրավունքների չափանիշները, քայլեր են կատարվել բարձրագույն կրթության բնագավառում կոռուպցիայի դեմ։
«Բազմաթիվ գործեր արդեն արվել են, իրական առաջընթաց է գրանցվել։ Մենք կարող ենք ավելիին հասնել մեր գործողություրնների համատեղ երրորդ ծրագրով։ Այս ծրագրի հիմնական նպատակն է ավելի խորացնել պետական բարեփոխումների օրակարգը՝ զարգացնելով օրենսդրական դաշտը։ Առաջընթացը կախված կլինի միասնական ջանքերից։ Հայաստանը զգալի բարեփոխումներ է անցել, բայց բոլորի շահերից է բխում խոսել այն անելիքների մասին, որոնք դեռ մնացել են», - նշեց եվրոպացի պաշտոնյան։