18/06/2019 14:00
Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը. Արման Բաբաջանյանը պաշտպանեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունից է կախված Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքը ու ճակատագիրը, այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա պնդմամբ, Հայաստանի դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակը իշխող ուժի մեկամյա «արխայնության, անգործության» հետևանքն է:
«Այս Ազգային ժողովի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչված կամ կոչվող որջը վերադարձնել ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդի իշխանությունից և հռչակի հանուն Հայաստանի Հանրապետության», - հայտարարեց Բաբաջանյանը:
Նրա դիտարկմամբ, ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են, այն դեպքում երբ առանձին գործով «դատարանը ցույց տվեց դատական համակարգի ճղճիմությունը, կախյալ վիճակը»: Պատգամավորը ակնակրում էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր դավիթ Գրիգորյանի որոշումը՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին:
«Լինենք անկեղծ և իրերը կոչենք իրենց անուններով՝ հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը նվաստացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել դատարանների վրա ու ստանալ իր համար ցանկալի որոշումներ: Այդ մեղադրյալը դա շարունակում է ապացուցել նաև այսօր՝ դատարանում ցուցադրելով ցինիզմի հասնող ինքնավստահություն, բարոյական և հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա: Այս պայմաններում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի դատավոր, որը կոչված է հակազդել դատական համակարգում ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը: Այս քննարկումն ու քվեարկությունը քաղաքական ակտ է, հետևաբար մեր դրդապատճառները ու եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն», - հայտարարեց Բաբաջանյանը:
Նա ասաց՝ անկեղծ է ուզում լինել և հավելեց, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը իր համար քաղաքական հավատամքի ու ինքնության հարց է: Հիշեց իր ազատազրկման տարիները ու ասաց.
«Ձեր մեջ չկա այն մարդը, ով սեփական մաշկի վրա է զգացել ու ապրել այդ տարիների սարսուռը Հայաստանի ազատազրկման վայրերում: Բայց ես անկախ իմ կամքից, այստեղ ներկայացնում եմ այն հարյուրավոր քաղաքացիներին, ովքեր մարդատյաց դատավորների որոշումները հետևրանքը կյանքով ու առողջությամբ են վճարել: Շատերն էլ ուղղակի դրանից խուսափելու համար արտագաղթել են մեր երկրից: Ի դեպ, ձեր մարզպետներից մեկը այդ իշխանության անկյունաքարերից մեկին աղուհացով էր դիմավորում, փոխվարչապետը ինչ-որ տոնախմբություն էր նրա հետ իրականացնում»:
Նրա խոսքով, մոլորություն է մտածել, որ նախկին իշխանությունները իսպառ հեռացել են: Հետևաբար, ըստ պատգամավորի, այսօրվա ընտրությունը ընդամենը հնարավորություն է թույլ չտալ, որ այդ իշխանությունների պարագլուխները վերադարձի հույս ունենան:
«Հեղափոխությանը հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում մենք պարբերաբար, գրեթե անընդհատ մենք ականատես ենք դառնում հին ու նոր Հայաստանների բախմանը: Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը», հայտարարեց Արման Բաբաջանյանը:
Այս պահի դրությամբ, նկատենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ՍԴ դատավորի առաջադրված թեկնածուի վերաբերյալ հայտնի չէ: