18/06/2019 14:36
Պարոն Գրիգորյան, հեղափոխիչ ալիք ենք ակնկալում ձեզանից. Լենա Նազարյան
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի պնդմամբ, ընդդիմության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հասցեին հնչած քննադատությունները լուրջ չեն:
«Էդմոն Մարուքյանը հարցազրույցների ժամանակ կարծիք է հայտնել, որ Վահե Գրիգորյանը կաշկանդված է կառավարող ուժի հետ մտերիմ հարաբերություններով: Ես կուզեի հարց տալ պարոն Մարուքյանին ու խմբակցության մյուս անդամներին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթությունը և գործընկերությունը նախորդ խմբակցության շրջանակում ինչ-որ կերպ իրենց կաշկանդո՞ւմ է լինել ընդդիմություն: Կարծում եմ՝ չի կաշկանդում: Ինչո՞ւ պետք է Վահե Գրիգորյանին կաշկանդի», - այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց Լենա Նազարյանը:
Նա հստակեցրեց՝ իրենց հարաբերությունները Վահե Գրիգորյանի հետ ոչ թե անձնական մտերմություն են այլ «իրավական պետության կերտման շուրջ գործընկերություն»:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից պարբերաբար բարձրաձայնվող այն հայտարարություններին, որ Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարում Հայաստանի նախագահին, Նազարյանն ասաց.
«Վահե Գրիգորյանը պնդում է սեփական իրավական գնահատականը նախագահի ընտրության գործընթացի վերաբերյալ: Ճիշտն ասած այս հանգամանքն ավելի է ամրապնդում իմ վստահությունը Վահե Գրիգորյանի նկատմամբ՝ որպես պրոֆեսիոնալ, հետևողական իրավաբանի»:
Դիմելով Գրիգորյանին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ նրանից մեծ բարեփոխումներ են ակնկալում:
«Պարոն Գրիգորյան, բարեփոխիչ ալիք ենք ակնկալում ձեզանից, որ ներմուծվի Սահմանադրական դատարան: Ինձ համար արժեքավոր է, որ ես՝ որպես պատգամավոր, ունեմ հնարավորություն նման ընտրություն կատարել», - ասաց Լենա Նազարյանը: