18/06/2019 18:31
Հայաստանում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող օգտատերերն ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները. Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգայի ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ վկայակոչելով ամերիկյան մի կազմակերպության հարցում, ասաց, թե պարզել են՝ քաղաքացիների 35 տոկոսը պատրաստ է իր անունով կամ անանուն հայհոյել սոցիալական ցանցերում:
«Ես վստահ եմ՝ եթե նման հարցում անցկացվի ՀՀ քաղաքացիների շրջանում, ապա հատկապես անանուն հայհոյող էնտուզիաստների թիվը շատ ավելի մեծ է լինելու», - ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը նկատեց, որ հայկական հասարակության բարդույթներն ուսումնասիրելուն ուղղված հարցում է անցկացվել և պարզվել է, որ Հայաստանում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող օգտատերերն ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ հայհոյող տղամարդիկ Ֆրոյդից բացի տառապում են նաև Էդիպի կոմպլեքսով:
«Հայհոյանքով սուբլիմացվող հայ համքարության մի մասն ապրում է Հայաստանում, իսկ մի՝ շատ ավելի ագրեսիվ մասը, ինչպես հումորով նկատել է խմբագիրներից մեկը, ապրում է «Գլենդել նա դանու»-ում: Այս խավի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը կամ վերլուծությունը նրանց համար հավասարազոր է հին մայաների սեպագրերին: Բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա շատ վատ է, որովհետև արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է:
Վերջին շրջանում ով չի ալարում, խոսում է հիբրիդային պատերազմներից՝ չհասկանալով, որ մեզ նետված հիբրիդային պատերազմի բանաձևերից մեկն էլ հասարակությունը ներսից ջարդելն ու հանրային ամենանվաստ կրքերը բորբոքելն է:
Այսօր շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում, ներքին թշնամանքի ուրվականը, և ցավալին այն է, որ մեծ խավի մոտ այդ ուրվականի կենսաբանական պահանջը կա: Բոլորս պետք է վատ ապրենք, քանի դեռ բոլորը և բոլորս լավ չենք ապրում:
Էլ չեմ խոսում հրապարակներում կախաղաններ դնելու և Բեռլիոզի հնչյունների տակ հրապարակային «կախաղան-փարթի» կազմակերպելը հասարակության, ցավոք սրտի, մի մասի երաժշտական նախասիրություն է:
Եթե սա մտածված քաղաքականություն է՝ վատ է, եթե սա անկառավարելի քաոս է՝ շատ ավելի վատ է: Երբ տեսնում եմ «լայվով» «պերեկիս դրած» մազերով կանանց, հիշում եմ սովետական մի շատ հայտնի ֆիլմ, երբ «Ավրորայի» զալպից հետո մուժիկները մտնում էին «զիմնի դվորեց» ու մախորկա էին հագցնում Վռուբելի արձանի վրա: Կա մի գիծ, որից հետո սկսվելու է «տոչկա նեվոզվրատա»-ն:
Պետք է կանգ առնել և հայհոյող կանանց ու տղամարդկանց մարտական բանակն առաջնագծից հետ կանչել: Ատելության և անհանդուրժողականության կարմիր գիծը արդեն վաղուց հատված է», - հայտարարեց պատգամավորը: