18/06/2019 14:50
Արսեն Խառատյանը չի կարող ինձ դատի տալ. Նարեկ Մալյան (Տեսանյութ)
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը երեկ 5 հարց էր ուղղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Նա անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդակական Արսեն Խառատյանի՝ պաշտոնից անակնկալ ազատման պատճառների մասին մամուլի հրապարակումներին, և խնդրել պատասխանել հարցերին: Այսօր արդեն Արսեն Խառատյանը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Նարեկ Մալյանին։
«Շատ խնդալու ա։ Եթե ինչ-որ մեկը դիմի ԱԱԾ տնօրենին և ասի՝ խնդրում եմ հերքել կամ հաստատել օդում կախված լուրերը, ի՞նչ կանեմ ես, արդյոք դատի կտա՞մ այդ պահանջը ներկայացնողին։ Ես երկրորդ դիմումը կներկայացնեմ ԱԱԾ տնօրենին և կասեմ, որ ես էլ եմ միանում այս պահանջին, եթե ես արդար եմ։ Այլ ոչ թե կփորձեմ լռեցնել այն մարդուն, ով այդ թեման բարձրաձայնում է ու փորձում է դրա շուրջ իրավական լուծումներ ստանալ։ Այս քայլն արդեն իսկ իմ համար կոպտագույն սխալ էր», - անդրադառնալով Արսեն Խառատյանի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նարեկ Մալյանը։
Նա նշեց, որ Խառատյանի այդ քայլն արդեն իսկ նշանակում է, որ օդում կախված լուրերն այդքան էլ սուտ չեն։
Մալյանն ասաց, թե Արսեն Խառատյանը չի կարող իրեն դատի տալ, քանի որ նախօրեին՝ ուղիղ եթերում իր ասածներն իրավաբանորեն ամբողջությամբ Արսեն Խառատյանի շահերից էին բխում։
«Հո ես իրեն չեմ մեղադրել, օրինակ՝ ասել, թե ինքը թմրանյութերի ազդեցության տակ հայհոյել է մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կարող էի չէ՞ տենց մեղադրանք ուղղեի, բայց չեմ ուղղել, դեռ», - ասաց Նարեկ Մալյանը։
Եզրափակելով, Մալյանն ասաց, թե հաջողություն է մաղթում Խառատյանին դատարանում և անհամբեր կսպասի դատական պրոցեսին։