18/06/2019 16:08
Եթե ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակը խոցելի լիներ, ես չէի գնա այդ քայլին, իմ խաչը ծանր է. Վահե Գրիգորյան (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում ունեցած իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իր համար ապշեցուցիչ է վերջին շրջանում հնչող իրավական մտքի սնանկությունը:
«Բազմաթիվ մարդիկ, ովքեր մեջտեղ են եկել, դուք շատ քչերի մոտ կնկատեք, որ որևէ մեկը ուշադրություն է դարձրել, որ խոսվում է նախագահի սահմանադրական լիազորությունների մասին:
Այնպիսի տպավորություն է, որ իրավական մտքի վերլուծությունների դիսցիպլինան ու մտքի հիերարխիան բացակայում են այստեղից: Ես ինքս չէի գա կանգնեի այստեղ, եթե ես համոզված լինեի կամ նույնիսկ կասկած ունենայի, որ մեկնաբանության այդ մեթոդը և մեկնաբանության այդ մոդելը իրապես հանգեցնում է նրան, որ իմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կարգավիճակը, խոցելի պետք է լինի: Ինձ պետք չի այդ վիճակը, որ խոցելի լինի: Ես, դուք բոլորդ, գիտեք՝ Սահմանադրական դատարանում ինչ վիճակ է, արդարադատության համակարգի վիճակը գիտեք, ժողովրդական լեզվով ասած՝ «իմ խաչը բավականին ծանր է» ուրիշ խաչեր ինձ վրա վերցնելու համար: Ինձ պետք չի դրանից ավելի: Թույլ տալ, որ էս տեսակ մեկնաբանությունները գան, մտնեն իրավական քաղաքական մշակույթ, կներեք, սա արդեն վտանգավոր ճանապարհ ենք վերցնում», - հայտարարեց Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հիշել էր Գրիգորյանի մի հայտարարություն, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու հարց էր հնչեցրել.
«Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»: