18/06/2019 18:38
Իմ վարույթում գտնվող բոլոր գործերը թողնելու եմ, այդ թվում՝ Մարտի 1-ի գործը. Վահե Գրիգորյան
Այսօր Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը որոշ ժամանակ անց միայն կկարողանա երդվել և պաշտոնապես ստանձնել դատավորի պաշտոնը: Մինչ այդ, նա պետք է դադարեցնի որպես փաստաբան իր վարույթում գտնվող մոտ 80 գործերով մասնակցությունը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մոտ 80 գործերով մասնակցում եմ վարույթներին: Դրանց մի զգալի մասից արդեն դուրս եմ եկել: Ես խնդրել եմ Ազգային ժողովի նախագահին, որպեսզի հետաձգի իմ երդման արարողությունը, որ մինչև այդ հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ին, այլև ՀՀ ներպետական դատարաններին, Հաագայում միջազգային քրեական դատարանին տեղեկացնել իրենց ցուցակներից դուրս գալու մասին», - ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահե Գրիգորյանը:
Դա վերաբերում է նաև Մարտի 1-ի գործին, որով Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ է։ Նա տեղեկացրեց, որ նշված բոլոր գործերով ուրիշ իրավաբաններ կզբաղվեն:
«Ես բոլոր գործերից եմ դուրս գալու, իմ ողջ զբաղվածությունն եմ թողնելու, ցանկացած ներգրավվածություն որևէ գործում, ցանկացած զբաղվածություն՝ լինի դա միջազգային փորձագետի կարգավիճակու, թե այլ՝ թողնելու եմ», - նշեց Վահե Գրիգորյանը:
Նկատենք, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Վահե Գրիգորյանին կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22-ը: