18/06/2019 19:20
Ոչ մի ազատ քաղաքացի չպիտի ներողություն խնդրի իր բառերի համար. Վահե Գրիգորյանը՝ ՀՀ նախագահից ներողություն խնդրելու մասին
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ի պաշտոնե ներողություն խնդրել նախկինում ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:
«Ես ուզում եմ հավաստիացնել, որ ինձ ճանաչող յուրաքանչյուր մեկը ձեզ կվստահեցնի, որ իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը և այդքանով թեման փակելը: Ես հիմա պաշտոնական կարգավիճակում եմ, ես այդ պաշտոնական կարգավիճակն ունեի նաև թեկնածու եղած ժամանակ: Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում, և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակերում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի իրենք ներողություն խնդրելու հարցի առջև կանգնեն:
Ներողություն խնդրելը բարոյական հարթության մեջ է: Երբ դուք անհանգստացած լինեք ձեր պետության տոտալիտար ընթացքով և սկսեք անխնա քննադատել իշխանությանը, դուք ընտրություն եք կատարելու պսևդոքաղաքավարության և իշխանության նկատմամբ բողոք բարձրացնելու միջև, իմ ուղերձը կլինի երկրորդը՝ իշխանության նկատմամբ բողոք բարձրացնելը: Թեկուզ այդ բողոքի հասցեատերը վաղը ես կլինեմ: Դրանով ես ավելի մեծ պատասխանատվության տակ կընկնեմ», - լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վահե Գրիգորյանը:
Անդրադառնալով իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերություններին, Գրիգորյանն ասաց, որ իրենց արձանագրային հանդիպումները, ճիշտ է, հրապարակման ենթակա չեն եղել, բայց ինքը շատ կուզեր, որ դրանց ժամանակ ասված նախագահ Սարգսյանի կարծիքը հնչեր:
«Ինձ թվում է՝ շատերի համար, ովքեր անվերջ պտտում են այդ թեման, շատ ուսուցողական կլիներ: Մարդիկ, երբ պետական պատասխանատու պաշտոններ են ստանձնում, այդ պաշտոններն իրենց անձնական նախընտրությունների կամ նախասիրությունների համար չէ, որ պետք է օգտագործեն: Նա ինձ է ներկայացրել՝ մի թեկնածուի, որը ժամանակին քննադատել է իրեն: Սա շատ ավելի ուսուցողական է, քան որ ներկայացներ մեկին, որն իրեն մշտապես գովաբանել է: Սա պետական մտածողության հետ որևէ աղերս չունի: Խորապես ցավում եմ, այս ողջ խոսակցությունն անդադար պտտողների մի մի մասը ժամանակին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել», - նշեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է նախագահից ներողություն խնդրելուն, ՍԴ նորընտիր դատավորն ասաց.
«Որպես ազատ քաղաքացու արտահայտած կարծիք, ոչ մի ազատ քաղաքացի չպիտի ներողություն խնդրի իր հնչեցրած բառերի համար: Իհարկե, ես անձնապես՝ որպես մարդ, գիտեմ նախագահ Սարգսյանին ինչ չպիտի ասել, որը չեմ ասել»:
Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահը ոչ լեգիտիմ է: