18/06/2019 18:15
Փաշինյանը հյուրընկալել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, վարչապետը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը:
«Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիապես զարգացած պետություն եւ Ձեզ նման հայրենակից ունենալը վստահություն է ներշնչում, որ դա իրագործելի խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պարոն Դամադյանը հայ ժողովրդի տաղանդի բացառիկ օրինակ է:
Գիտնականը վարչապետին է ներկայացրել իր գործունեությունն ու ծրագրերը, անդրադարձել նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորություններին:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի բժշկական եւ գիտական շրջանակների հետ համագործակցության, նոր MRI սարքով ՀՀ առողջապահության ոլորտը համալրելու հնարավորությունների, ինչպես նաեւ կրթության ու գիտության ոլորտների զարգացման մասին: