19/06/2019 13:24
Ողջաբերդում տների վերանորոգման մասին խոսք չի կարող լինել. համայնքապետ
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչների մի մասին գոհացրել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպումը և նրա ներկայացրած առաջարկները, մյուս մասին՝ ոչ։
Ողջաբերդցիները երեկ հանդիպում են ունեցել մարզպետի հետ, վերջինից ակնկալելով սողանքային գոտում գտնվող բնակարանների հատուցման վերաբերյալ լուծումներ։
Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:
Նա, մասնավորապես, նշել է.
«1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»։
Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորիկ Մելքոնյանն ասաց՝ կան մարդիկ, ովքեր կասկածներ են ունեցել, որ իրենց տները, հնարավոր է, այդ ցուցակներում չընդգրկվեն։
«Հանձնաժողովում ուսումնասիրություն կլինի, կարող է վթարայնության աստիճան ունեցող տների թիվն ավելանա կամ պակասի, այդ 10 թիվը դեռ վերջնական չէ», - ասաց համայնքի ղեկավարը։
Հարցին՝ ինչպիսի՞ փոխհատուցում է լինելու, վերանորոգու՞մ, թե՞ այլ բնակարանի ձեռքբերում, Նորիկ Մելքոնյանը պատասխանեց.
«Ողջաբերդում տների վերանորգման մասին խոսք չի կարող լինել։ Կառավարությունը պետք է որոշի, առաջարկությունը կլինի, գումարի չափը կորոշեն, նոր դրանից հետո կերևա։ Հնարավոր է, որ գումարը ստանալու դեպքում, այդ ընտանիքները որևէ կազմակերպության հետ պայմանավորվածություն ունենան բազմաբնակարան շենք կառուցելու»։