19/06/2019 17:04
Այդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել, խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանում լսել է մարտի 1-ի զոհերի հարազատներին ու հուզվել։
«Հասկանում եմ մարդկանց վիշտը ինչքան ծանր է ու անկեղծ՝ շատ հուզվեցի։ Հասկանում եմ նրանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել ու միանշանակ՝ կիսում եմ այդ մտահոգությունը, ջղայնությունը, անարդարության զգացողությունը», - այսօր Վերաքննիչ դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ շատ հուզական ֆոն է ստեղծվել ու բոլորն էլ ասում են՝ մեկը պետք է պատասխան տա։
Դիտարկմանը, թե զոհերի հարազատների մտահությունն այն է, որ հրաման չի եղել պարզելու սպանությունների հանգամանքները, կրտսեր Քոչարյանը արձագանքեց. «Այդ ամենը, որ եղել է գործընթացներ են չէ՞ եղել։ Նույն այս դատախազները, որ դատարանում նստած են, իրենք էլ չէ՞ նոր չեն հայտնվել այդ համակարգում։ Այսինքն՝ այդ ամենի համար կային պատասխանատուներ, գնում էր գործընթաց։ Նայեք, պարոն Քլոյանը, դատարանում մեզ մատնանշելով, հայտարարում է, թե իրանց խանութը թալանեցին, բայց իրանք չեն բողոքարկել։ Բայց խնդիրը հենց դա է, որ մարդկանց մոլորեցնում են՝ էդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել։ Դա այնքան սուտ է»։
Լրագրողի հարցին՝ «Ռոբերտո» խանութի մասի՞ն է խոսքը, կրտսեր Քոչարյանը դրական պատասխան տվեց։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժողի ներկայացուցիչը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: