19/06/2019 13:42
ՀՀ-ԵՄ Ճանապարհային քարտեզով մինչև տարվա վերջ նախատեսվում է մի քանի կարևոր հարցերի շուրջ ռազմավարություններ մշակել
Եվրամիության հետ համաձայնեցված ՀԸԳՀ կիրարկման Ճանապարհային քարտեզը կարևոր է Համաձայնագրի կյանքի կոչմանն անցնելու և այդ գործընթացում սպասվող քայլերը Եվրամիության հետ համաձայնացնելու տեսակետից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ճանապարհային քարտեզում հիմնականում ներառված են այն օրենսդրական փոփոխությունները, մոտարկումները, որոնք պետք է կատարվեն մոտակա տարիների ընթացքում: Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ տրանսպորտից մինչև շրջակա միջավայր: Կան մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնք արդեն իսկ կատարվել են, մինչև տարվա վերջ նախատեսված է ևս մի քանի օրենսդրական փոփոխություն, ինչպես նաև ավելի գլոբալ հարցերի շուրջ հայեցակարգերի մշակում, օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի ընդունում, Դատական և իրավական բարեփոխումների 2019-2024 ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունում, Կառուպցիայի դեմ պայքարի 2019-2022 ազգային ռազմավարության ընդունում և այլն», - նշեց Կարապետյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ճանապարհային քարտեզում որևէ հստակ անդրադարձ չի կատարվում անցումային արդարադատությանը կամ վեթինգին, դրանք, հնարավոր է, իշխանությունները կփորձեն տեղավորել վերոնշյալ ռազմավարությունների մեջ:
«Մտահոգության տեղ է տալիս, որ ելնելով առկա փաստաթղթից, վերջին տարվա ընթացքում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել, ողջ ուշադրությունը սևեռված է եղել միայն այս փաստաթղթի մշակման համար: Կարծում եմ, դա ժամանակի թերի կառավարման ցուցանիշ է», - ասաց կենտրոնի տնօրենը:
Կարապետյանը նշեց նաև, որ Ճանապարհային քարտեզում չկա անդրադարձ արտաքին քաղաքական հարցերին: Իսկ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարի և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ հերթական անգամ ԵՄ-ն աջակցություն հայտնեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Հաշվի առնելով Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի բանակցությունների շուրջ շահարկումները՝ այժմ շատ ցանկալի կլիներ համատեղ հայտարարության մեջ ընդգծել նաև Հելսինկյան երեք սկզբունքների կարևորումը: Բայց, ցավոք, նման ձևակերպում հայտարարության մեջ չկար», - նշեց փորձագետը:
Ամփոփելով, նա ուշադրություն է հրավիրել նաև Մոգերինիի ելույթի այն հատվածի վրա, որտեղ վերջինս կոչ է արել կողմերին զբաղվել «սուբստանտիվ հարցերի» քննարկմամբ: Փորձագետը նշել է, որ այս տերմինն առավելապես բնորոշ է հենց ադրբեջանական կողմի բառակազմին: