20/06/2019 13:24
ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր
Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement - AFD) Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին ներկայացվել է ՊԵԿ ռազմավարությունը, առաջնահերթությունների և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ կոմիտեի ղեկավարության տեսլականը: Կողմերը կարծիքներ են փոխանակել AFD-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել է «Expertise France»-ի կողմից ՊԵԿ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագիրը, որը մեկնարկելու է 2019 թվականին: Այն ուղղված է աջակցելու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով ՊԵԿ ռազմավարության իրագործմանը:
Պատվիրակության անդամները հայտնել են, որ հուլիսին «Expertise France»-ի ներկայացուցիչները ժամանելու են Երևան, և այդ ժամանակահատվածում ակնկալվում է պաշտոնապես ստորագրել ծրագրի իրագործման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր:
Ներկայացուցիչներն այդ ընթացքում նախատեսում են հանդիպել նաև ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների փորձագետների հետ: