21/06/2019 15:30
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում առաջընթաց չարձանագրվեց. Աննա Կարապետյան
Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում բանակցային գործընթացքում առաջընթաց չարձանագրվեց, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ապրիլի 15-ի Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ակնկալվում էր, որ կողմերը պետք է առաջ շարժվեն հումանիտար ոլորտում համաձայնեցված քայլերը կյանքի կոչելու ուղղությամբ: Սակայն, հետագա սրացումը սահմաններին և կողմերի հայտարարություններն արդեն իսկ ցույց էին տալիս, որ խոսակցություններն, այսպես կոչված, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտի մասին խիստ չափազանցված են: Արդյունքում, հանդիպումը որևէ առաջընթաց չարձանագրեց», - նշեց Աննա Կարապետյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ն, լինելով ընդունող կողմ, հանդիպմանը ներկայացված է եղել միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահի մակարդակով:
«Հանդիպումից առաջ արդեն իսկ մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցելու հանդիպմանը, իսկ Փարիզում և Մոսկվայում արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անձամբ էին ներգրավվել միջնորդական գործընթացին: Ավելին, նա նույնիսկ չհանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ պատվիրակելով դա Ֆիլիպ Ռիքերին և թողնելով Ջոն Բոլթոնին», - նշեց նա:
Միաժամանակ, փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հումանիտար և անվտանգային հարցերին զուգահեռ միջնորդները փորձում են գործընթացը բովանդակային հարթություն տեղափոխել: Կողմերը կարծիքներ են փոխանակել կարգավորման հարցերի շուրջ, միջնորդները կոչ են արել մթնոլորտ ստեղծել բովանդակային հարցերի քննարկմանն անցնելու համար:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենի գնահատմամբ, ուշադրության են արժանի նաև վստահության միջոցառումների վերաբերյալ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները:
«Հայաստանի ԱԳՆ վերջին հայտարարությունները հուշում էին, որ հայկական կողմը ջանքեր է գործադրելու կրկին օրակարգ բերելու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները՝ ելնելով նրանից, որ Դուշանբեի բանավոր պայմանավորվածություններն այլևս լիարժեք չեն գործում: Սակայն հայտարարության մեջ դրանք չէին հիշատակվում», - ասաց նա:
Հայտարարության մեջ տեղ է գտել ձևակերպումը սահմաններին ինժեներա-շինարարական աշխատանքներ չկատարելու վերաբերյալ, սակայն այն արդեն իսկ ժամանակավրեպ է, կարծում է Կարապետյանը, «քանի որ Ադրբեջանն արդեն իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ հսկայական աշխատանք է արել»:
Կարապետյանը նշեց, որ գործընթացը կրկին ճեղքում չի արձանագրում, քանի որ Ադրբեջանն այլևս չի ցանկանում կեղծ կառուցողականություն ցուցաբերել և թեկուզ արտաքուստ խաղալ ի օգուտ դրական դինամիկայի, իսկ Հայաստանի իշխանությունների մոտեցումները շարունակում են ոչ հստակ մնալ: