21/06/2019 16:15
Ձեր նախկին կապերը որքանո՞վ կարող են ազդել ԲԴԽ-ում ձեր որոշումների վրա. Մակունցի հարցը՝ Քոչարյանին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իրենց կողմից առաջադրված թեկնածու Արդարադատության նախկին ու ներկա փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքանո՞վ նախկին կապերը կարող են ազդել ԲԴԽ-ում իր գործունեության վրա։
«Որքանո՞վ է հնարավոր, որ այդ կապերն ազդեցություն ունենան Ձեր՝ որպես ԲԴԽ անդամի որոշումների վրա։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ձեր որոշումները հիմնված են լինելու բացառապես օրենքի վրա և որքանո՞վ այդ կապերը չեն կարող առնչություն ունենալ», - հետաքրքրվեց Մակունցը։
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանն արդարադատության փոխնախարար է 2015 թվականից և աշխատել է այդ պաշտոնում նաև Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին։
Ի պատասխան Քոչարյանն ասաց, որ 20 և ավելի տարվա դասախոսական փորձառություն ունի և այժմ միջին տարիքի իրավաբաններն իր ուսանողներն են ու բոլորի հանդեպ ցուցաբերել է հավասար վերաբերմունք։
«Այս նոր իրավիճակում, նոր կարգավիճակում նույնպես լինելու է օբյեկտիվ, անաչառ՝ անկախ նրանից ում է ճանաչում, ում չի ճանաչում», - ավելացրեց Քոչարյանը։
«Իմ քայլից» Թագուհի Ղազարյանը թեկնածուից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է վեթինգի ենթարկվել, ինչին Քոչարյանն արձագանքեց.
«Այո՛, ինձ թվում է՝ դա ինչ-որ իմաստով բարոյական պարտականություն է։ Ամենախիստ պահանջներն, ընթացակարգերը պետք է գործեն հենց Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների ու դատական այլ օղակների աշխատողների համար։ Անպայման, ես պատրատս եմ և ավելին՝ մեր նկատմամբ վեթինգն ավելի խիստ պետք է լինի»։