21/06/2019 17:48
Հայաստանում գիլյոտին չի լինելու և վերջ. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հասարակությունը լուրջ անվստահություն ունի դատաիրավական համակարգի նկատմամբ, որին պետք է տալ լուծումներ, այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Որպես լուծում՝ ԱԺ նախագահն առաջարկում է վեթինգի ինստիտուտի ներդրումը։
«Հասարակության որոշ շրջանակներ ակնկալում են, որ, օրինակ, Հանրապետության հրապարակում, ինչպես ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում, կդրվի մի հսկայական սարք, որը ստեղծողի անունով կկոչվի գիլյոտին և բոլոր նրանք, ովքեր դուր չեն գա այս կամ այն քաղաքական շրջանակներին, ենթադրաբար նաև՝ քաղաքական մեծամասնությանը, կբերվեն այդ հրապարակ ու կանցկացվեն գիլյոտինի միջով, ասես վեթինգի միջով։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում այսպիսի բան տեղի չի ունենալու և վերջ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նրա ներկայացմամբ, Հայաստանում դատական իշխանության առողջացման գործընթացն իրականացվելու է բացառապես օրինականության, սահմանադրականության, իրավունքի գերակայության և ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։
Ինչ վերաբերում է վեթինգին, ապա ԱԺ նախագահի խոսքով, այն պետք է լինի մշտապես։
«Վեթինգը դատարանների ու դաատվորների անաչառությունն ապահովող գործընթաց է, որը պետք է լինի պերմանենտ», - հայտարարեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ համակարգի առողջացման գործով զբաղվելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը մինչ այժմ անգործության է մատնված եղել։