21/06/2019 14:56
Արդարադատության փոխնախարարին «Իմ քայլն» առաջադրել է ԲԴԽ թեկնածու
Հայաստանի արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում թեկնածուին ներկայացրեց իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Քոչարյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Մակունցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է իշխանական խմբակցության ընտրությունը կանգ առել հենց Վիգեն Քոչարյանի թեկնածության վրա։
«Մեր կողմից ստեղծված պետա-իրավական հանձնաժողովի աշխատանքային խումբը պահանջներին համապատասխան առանձնացրել է այն ցանկը, որը, կարծում ենք, նպատակահարմար կարող է լինել առաջադրելու համար։ Հաշվի են առնվել նաև չափանիշներն՝ արդյոք տվյալ թեկնածուն հակվա՞ծ է դատաիրավական բարեփոխումներին նպաստելուն։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ առանձնացրել ենք թեկնածուներին, որոնց հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դա է պատճառը, որ նրանք տեղյակ չեն լինում իրականում, որ մենք նկատի ենք ունեցել նրանց թեկնածությունը։ Չափազանց կարևոր է անաչառության սկզբունքը», - ի պատասխան ասաց Մակունցը։
«Փաստորեն, այն փաստը, որ Վիգեն Քոչարյանը երեկ երեկոյան ժամը հինգին է իմացել, որ առաջադրվել է այդ պաշտոնում, դա ստարտեգիա՞ է և ոչ թե բացթողում», - հետաքրքրվեց Բաբաջանյանը։
Մակունցը պատգամավորին դրական պատասխան տվեց։
Թեկնածու Վիգեն Քոչարյանն իր հերթին ելույթում ասաց, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել ԲԴԽ անդամի պաշտոնում և ստեղծված իրավիճակում՝ բարձր պատասխանատվություն։