21/06/2019 19:03
Եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը խթանելու և անհրաժեշտ իրավական դաշտը մշակելու ու ներդնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև այսօր՝ հունիսի 21-ին, ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով սահմանվել են էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգի մշակմանն ու սպասարկմանը, ինչպես նաև արդյունավետ շահագործմանն ուղղված կողմերի գործողությունները և պարտականությունները, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։
Ստորագրմանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիզերը։
Հուշագրի ստորագրման արարողության մասնակիցներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ողջույնի խոսքն է հղել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ կառավարության կողմից ստեղծված են բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու համար:
«Առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ, արտահանում և ներմուծում», - ասել է Հակոբ Վարդանյանը։
Փոխնախարարն իր և նախարարի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել հետագա համագործակցության խորացման հարցում։