22/06/2019 13:42
Բիզնեսմենները, հասկացեք, շատ վախկոտ են. ՌԴ-ից տավուշցի գործարարը փորձում էր «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումում ներդրումներ անելու երաշխիքներ ստանալ
Այսօր Դիլիջանում անցկացվող «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի ժամանակ տավուշեցի, բայց Ռուսաստանում գործարարությամբ զբաղվող Կարեն Իջևանյանին հետաքրքրում էր երկրի տնտեսական կայունությունը որքանո՞վ է երաշխավորված ներդրումներ կատարելու համար։
«Ես այն պոտենցիալ բիզնեսմեններից եմ, որը կցանկանար ներդրում կատարել Տավուշի մարզում։ Ես նաև արմատներով Տավուշից եմ։ Մեզ՝ ներդրողներիս, անհրաժեշտ են հստակ, կոնկրետ թվեր՝ որքա՞ն է լինելու ՀՆԱ-ն, ի՞նչ դինամիկա է սպասվում, ի՞նչ է կատարվում։ Բիզնեսմենները, հասկացեք, վախկոտ են, շատ վախկոտ են։ Մի փոքր քամի, մենք գումար ենք կորցնում։ Այդ պատճառով, մեզ համար շատ կարևոր են գործոնները։ Այն, որ փոխվել են խաղի կանոնները, դա տեսնում ենք, հակառակ դեպքում մեզանից շատերն այստեղ չէին լինի։ Մենք ցանկանում ենք լինել այստեղ ու օգնել այդ թվում՝ ոչ միայն որպես գործարարներ», - ֆորումի ժամանակ հայտարարեց գործարարը։
Նրան պատասխանեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ու հուսադրեց գործարարին՝ ասելով, որ այս մարզում «բիզնեսների կոնցենտրացիան շատ բարձր է»։
«Տավուշի մարզը գյուղատնտեսական մարզ է դեռևս, բայց վերջին հինգ տարիների ընթացքում ծառայությունների ոլորտում շրջանառությունը աճել է կրկնակի՝ հասնելով 15 մլրդ դրամի։ Այս մարզը այս տարի կամաց-կամաց տրանսֆորմացվում է ծառայություն մատուցող մարզի», - ասաց փոխնախարար Ավանեսյանը։
Տավուշի մարզում կառավարության պաշտոնյայի խոսքով, գործազրկությունը բարձր չէ։
«Ընդհանուր տնտեսական աճի դինամիկան այս պահին դրական է։ Ակնկալում ենք, որ տնտեսական աճը առնվազն 5 տոկոսից բարձր է լինելու այս տարի՝ շատ կոնսերվատիվ գնահատականներով։ Այսինքն՝ եթե մինիմումը պլանավորեք, կարող եք այս թվերի վրա կարող եք պլանավորել։ Այս պահին գնաճը կայուն է, ռիսկեր չկան։ Դրամը կայուն է, ռիսկերը բավականին ցածր են։ Բանկային համակարգը շատ կայուն է, տարածաշրջանի երկրների համեմատ է նույնիսկ կայուն», - ի պատասխան գործարարի մտավախությունների՝ ասաց փոխնախարարը։
Քանի որ ֆորումի ժամանակ ելույթի համար հատկացված ժամանակը սուղ էր, պաշտոնյան հորդորեց գործարարին բոլոր հարցերով գալ նախարարություն ու միասին կփորձեն փարատել մտավախությունները։