24/06/2019 11:05
«Հարձակում»՝ Մարուքյանի ուղղությամբ. «Իմ քայլի» տղամարդիկ ԱԺ դահլիճում պաշտպանեցին ՔԱԳՎ պետի պատիվը (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արտահայտությունը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի հասցեին առաջացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրդովմունքը, և նրանք այսօր խորհրդարանի դահլիճում պաշտպանեցին նրա պատիվը։
Հիշեցնենք՝ Մարուքյանը իր ուղիղ եթերում անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից չվերթների քանակը։
«Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք», - ասել էր Մարուքյանը։
«Իմ քայլի» պատգամավորներին անհանգստացրել էր «գեղեցիկ աղջկան» արտահայտությունը։ «Հարձակումը» սկսեց պատգամավոր Արեն Մկրտչյանը.
«Ես ցավում եմ, որ պարոն Մարուքյանը դահլիճում չէ և հուսով եմ՝ նիստերի ընթացքին հետևելու առիթ կունենա։
Մասնավորապես, Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել։ Նա ասել էր՝ «փայլուն աշխատող կառավարությանը ու ՔԱԳՎ սիրուն աղջկան»։ Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը իրենց բակի «բեսեդկայում» պպզած ռեպլիկ էր թողնում՝ բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է ՔԱԳՎ պետի մասին։ Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և իրեն դրսևորել կլասիկ պատգամավորի, այլ ոչ ռաբիս պատգամավորի պես»։
Նույն կոչով հանդես եկավ նաև «Իմ քայլի» Գևորգ Պապոյանը՝ նկատելով, որ պատգամավորները պետք է իրենց հարիր պահվածք դրսևորեն։ «Նման գռեհիկ ձևակերպումները Ազգային ժողովում կստանան արժանի պատասխան», - հայտարարեց Պապոյանը։
Մարուքյանը ԱԺ դահլիճում չէր, և նրա փոխարեն իշխանական պատգամավորներին արձագանքեց «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը. «Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ այստեղ հիշեցնելու պարոն Մարուքյանի շատ կառուցողական առաջարկի մասին։ Ես հուսով եմ՝ այն տեղ է հասել։ Ձեզ խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես, երբ պարոն Մարուքյանը դահլիճում չէ։ Առանց ռեպլիկներ անելու՝ վերցրեք այդ կառուցողական առաջարկը ու սկսեք իրագործել։ Այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք, խնդրում եմ»։
ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե առաջարկի, այլ խոսելու ոճի մասին է։