24/06/2019 18:05
Սա մանկապարտեզ չի, խնդրում եմ մի լքեք դահլիճը. Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Լևոն Յոլյանին
Ազգային ժողովում այսօր Հաշվեքննիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ, երբ պատգամավորների մտքերի փոխանակության ժամանակն էր, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց հաշվետվությունը պատգամավորներին ներկայացրած ՀՊ նախագահ Լևոն Յոլյանին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի սուր քննադատական ելույթից հետո Յոլյանը լքել էր ԱԺ նիստերի դահլիճը, և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Շաքե Իսայանի հարցին ի պատասխան ասել էր՝ «5 րոպեից կգամ»։
Երբ Յոլյանը վերադարձավ դահլիճ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հեգնեց նրան նախ շնորհակալություն հայտնելով ու հետո ավելացնելով.
«Պարոն Յոլյան, ես Ձեզ խնդրում եմ, ՀՀ ԱԺ պատգամավոր է խոսում ու խոսքը վերաբերում է Ձեզ, ես չեմ պատկերացնում, թե այդ ի՞նչ հրատապ գործ պետք է լինի, որ Դուք դահլիճում չլինեք, երբ որ… սա բան չի, մանկապարտեզ չի, որ Դուք պետք է դուրս գաք, երբ որ մեծությամբ երկրորդ խմբակցության պատգամավոր է խոսում։ Խնդրում եմ, մի լքեք դահլիճը։ Դա վերաբերմունք է նաև», - ասաց Սիմոնյանը։
Յոլյանն ի պատասխան գլխով դրական նշան տալով համաձայնեց ու ցածր լսելի ձայնով ասաց, որ դրսում ամբողջությամբ լսել է Շաքե Իսայանի ելույթը։