24/06/2019 19:19
Շեշտվել է լրատվամիջոցների դերը Հայաստանում գինու մշակույթի զարգացման և տարածման հարցում
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև։
«ԶԼՄ դերը հայկական գինեգործական մշակույթի զարգացման գործում» խորագիրը կրող գործարար ընթրիքի շրջանակներում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը, գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը շեշտադրեցին ԶԼՄ դերը Հայաստանում գինու մշակույթի զարգացման, գինի խմելու երբեմնի ավանդույթի վերականգման և տարածման հարցում։
Շուրջ 4 ժամ տևած քննարկման ընթացքում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահանգն Մկրտչյանը ներկայացրեց անցած տարիներին իրականացված ներդրումային ծրագրերի, խաղողագործության և գինեգործության զարգացմանն ուղղված նախագծերի, ապագայի տեսլականի մասին, քննարկվեցին ԶԼՄ-ների հետ հետագա համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորեց ԶԼՄ-ների դերը տեղական և միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացման, հայկական խաղողագործության հազարամյա պատմության և ավանդույթների տարածման հարցում։
ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան նաև համտեսելու ընկերության կողմից արտադրվող պորտ վայնը, որի մեկնարկը տեղական և միջազգային շուկայում նախատեսվում է այս տարվա աշնանը։ Շատ շուտով «Արմենիա Վայն» ընկերության կողմից Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում կներկայացվի նաև կոնյակագործության ազգային հարուստ ավանդույթների, միջազգային առաջատար տեխնոլոգիաների և նրբաճաշակ, ժամանակակից լուծումների համադրմամբ ստեղծված կոնյակի նոր ապրանքանիշ՝ ամրապնդելով Հայաստանի որպես կոնյակագործության առաջատար երկրի վարկանիշը։