25/06/2019 19:19
Գաբրիել Բալայանն ընդունել է Բուլղարիայի ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներին
Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Համագործակցության շրջանակը ներառում է իրավական կարգավորումների, միջազգային առաքելություններին մասնակցության, անձնակազմի պատրաստության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:
Գաբրիել Բալայանը շնորհակալություն է հայտնել բուլղարական կողմին համագործակցության և, հատկապես, Բուլղարիայում այս տարվա մայիսին անցկացված զորավարժությանը ՊՆ ՌՈ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հնարավորության համար, կարևորել է համագործակցության շարունակական զարգացումը:
Բրիգադի գեներալ Սերտովը ներկայացրել է Բուլղարիայի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը և խնդիրները, պատրաստակամություն հայտնել հայկական կողմին փոխանցել կուտակած փորձը՝ հատկապես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համար նոր կամ անծանոթ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: