25/06/2019 13:56
Գորայք համայնքի բնակիչները փակել են Գորայք-Ծղուկ միջպետական ճանապարհը. պահանջում են, որ վարչապետն արձագանքի. Լուսանկարներ
Երեկ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 8-ին Սյունիքի Գորայք համայնքում տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Այստեղ, հիշեցնենք, համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը՝ 531 քվեով։
Նրան հաջորդել է Արտյոմ Գրիգորյանը՝ 515 քվեով։ Վերջինս ընտրությունների արդյունքները վիճարկել է դատարանում, դատարանն էլ բավարարել է հայցը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Աղաջանյանն ասաց, որ առավոտից ընտրողները փակել են Գորայք-Ծղուկ միջպետական ճանապարհը, տարածքի վարչական շենքերը։
«Երեկ վարչական դատարանն անօրեն որոշում է կայացրել` անվավեր ճանաչելով թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը։ Վարչական դատարանը որևէ հիմք, օրենքի որևէ հոդված չի նշել որոշումը կայացնելիս։ Ընտրողները բողոքի ակցիա են իրականացնում, փակել են միջպետական ճանապարհը, վարչապետի ուշադրությունն են հրավիրում, ճանապարհը փակ կմնա այնքան, մինչև վարչապետին հստակ զեկուցեն իրավիճակի մասին։ Ինչքան հասկանում ենք, վարչապետը խիտ գրաֆիկ ունի, գոնե բանավոր պետք է հորդորի, կոչ անի բացելու համար», - ասաց Աշոտ Աղաջանյանը։