25/06/2019 12:41
Իրանի ներսում վարչակարգի փոփոխությունն ԱՄՆ-ի համար դարձել է իդեա ֆիքս. Վարդան Ոսկանյան
Միացյալ Նահանգները փորձում է նոր պատժամիջոցային փաթեթ կիրառել Իրանի նկատմամբ, սակայն ակնհայտ է, որ նման փաթեթները չեն կարող արդյունավետ լինել։ Պատճառն այն է, որ հիմնական խնդիրը, որը փորձ է արվում լուծել նման պատժամիջոցների օգնությամբ, ըստ էության չի լուծվում։ Խոսքն Իրանի ներսում վարչակարգի փոփոխության մասին է, ինչը ԱՄՆ-ի համար դարձել է իդեա ֆիքս։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի թվիթերյան գրառմանը, որով վերջինս հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից երկուշաբթի Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են և ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը:
«Ընդհանուր առմամբ, այս հայտարարությունը տեղավորվում է Միացյալ նահանգների և Իրանի միջև հռետորաբանական փոխհրաձգության շրջանակներում։ Այս իմաստով որևէ արտառոց բան չկա», - ասաց նա։
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակն է մերձավորարևելյան տարածաշրջանում սահմանափակել Իրանի հնարավորությունները, ինչը, սակայն, անհաջողության է մատնվում։ Այդ առումով երկու կողմերի հայտարարությունները ցույց են տալիս, որ լարվածության նվազում տեղի չի ունենում։
«Համենայնդեպս, կարծում եմ, որ լարվածության գագաթնակետն այս փուլում անցել է։ Հայտարարությունը պետք է տեղավորել այն համատեքստում, որ իրանցիներն ամերիկացիներին պարբերաբար կոչ էին անում վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ», - ասաց իրանագետը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին Twitter-յան էջում նշել է՝ Միացյալ Նահանգների կողմից երկուշաբթի Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են և ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը:
«Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի), ինչպես նաև իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը», - գրել է նա։