25/06/2019 14:02
Պետք է զտվել ու աշխատել. Լևոն Յոլյանը` նախկիններից հետո նոր իշխանությունների հետ աշխատելու մասին
Այսօր Հաշվեքննիչ պալատի նախագահի հանդիպումը լրագրողների հետ, ըստ էության, նվիրված էր երեկ խորհրդարանում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության առնչությամբ պարզաբանումներ տալուն:
Հիշենենք՝ պատգամավորը նրան մեղադրել էր՝ համարելով նախկին իշխանության կողմից կազմակերպված թալանի մաս: Ասաց, որ նրա հովանավորությամբ փոխկապակցված անձինք ունեն բիզնեսներ, մասնավորապես, նրա կնոջ անունով Գեղարքունիքի մարզում ոսկու արդյունահանմամբ զբաղվող հանք է գրանցված եղել:
Ասուլիսում Լևոն Յոլյանը Բաբաջանյանի հայտարարությունը համարեց «մեկ պատգամավորի կարծիք», իսկ իր հասցեին ուղղված քննադատություններ՝ «անձնական շահերով պայմանանվորված, որովհետև հաշվետվությունը շոշափում է անձնական կապեր»:
«Այլոց դեմքերով ու շուրթերով փորձում են ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի վրա», - ասաց Յոլյանը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել՝ ովքեր են, ինչ կապեր և այլն:
Նա ներկայացրեց իր բիզնես գործունեությունից դրվագներ՝ ասելով, որ 1998-ին Մոսկվայից եկել է Հայաստան, ներդրումներ կատարել, ստեղծել ընկերություններ, սակայն տարիների ընթացքում դրանք չեն դիմացել մրցակցությանը ու փակվել են:
Միաժամանակ, նրա խոսքով, 1998-ից ՀՀ տարբեր պետական մարմիններում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ: 2007-ին եղել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, այնուհետև՝ էներգետիկայի փոխնախարար, հետո միայն վերադարձել Վերահսկիչ պալատ՝ որպես նախագահ:
«Չդիմացանք տեղի շուկայի կարգուկանոնին ու դուրս մղվեցինք: Արդեն չորս տարի՝ բիզնեսով չեմ զբաղվում», - ասաց Յոլյանը:
Նա անդրադարձավ նաև իր հետ փոխկապակցված անձանց անունով հանքարդյունաբերության գործունեությանը:
«Ոչ ես, ոչ իմ մոտիկ հարազատները չեն ունեցել հանքի շահագործման հետ որևէ կապ: Նրանք ունեցել են ընդերքօգտագործման ուսումնասիրության իրավունք: Ունեցել են ընդերքի ուսումնասիրության իրավունք, իսկ ուսումնասիրությունը պարտավորություն է՝ ուսումնասիրել ընդերքում եղած մետաղի պարունակությունը և ներկայացնել նախարարությանը՝ կատարելով նաև գիտական ուսումնասիրություններ: Դա պարտավորություն էր: Դա ժամանակավոր տրվող փաստաթուղթ է, երեք տարվա համար», - հայտարարեց Յոլյանը:
Ինչ վերաբերում է կնոջ անունով Գեղարքունիքի մարզում ոսկու արդյունահամամբ զբաղվող ընկերության մասին հայտարարությանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը ասաց, որ ուսումնասիրություն է անցկացվել ու դադարեցվել է: Ոչ ավելին:
«Աշխատանքները անմիջապես դադարեցվել են: Դա ներկայացնել որպես ոսկու արդյունահանում, կոռեկտ չէ: Մոսկվայից վերադառնալուց հետո ինչ ունեցվածք ձեռք եմ բերել, հիմնականում եղել է 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին: 2007-ից հետո, եթե ուշադիր նայեք տվյալները, հիմնականում եղել է գույքի օտարում, եթե գույքի ձևակերպում եղել է, ուրեմն դա եղել է այն գույքը, որտեղ ես կամ իմ հետ փոխկապակցված անձը ունեցել է մասնակցություն, պարզապես եղել է ձևակերպման խնդիր», - հավելեց Յոլյանը:
Մեր դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանի հայտարարությունն ավելի խորն էր, և նա նկատի ուներ, որ որպես նախկին համակարգի հետ կապ ունեցող պաշտոնյա, նա նոր իրողություններում անելիք չունի, Յոլյանը արձագանքեց. «Ես չեմ գտնում, որ յուրայիններ, անցյալներ, նորեր ձևակերպումները ճիշտ են: Այն մարդիկ, ովքեր կարող են ներդրում ունենալ ներկա իրավիճակում երկրի զարգացման համար, պետք է, իմ կարծիքով, զտվեն ու աշխատեն: Սա է իմ մոտեցումը: Միանշանակ ասեմ, որ այս պաշտոնից կառչած չեմ: Ինձ երեկ լրագրողները հարցրին՝ հրաժարական կտա՞ք, բայց ես պատասխանում եմ՝ իհարկե, Արման Բաբաջանյանի սուբյեկտիվ, անլուրջ հայտարարություններից հետո հրաժարական միանշանակ չեմ տա: Երբ կգտնեմ, որ անելիք չունեմ, կտամ հրաժարական: Զբաղվելու շատ գործ կա»: