25/06/2019 12:01
Վարչապետի առաջարկած բոլոր թեկնածուները չեն, որ ԱԺ քաղաքական մեծամասնության հավանությունն են ստանում. Միրզոյան
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այդքան էլ համակարծիք չէ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության հետ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունները լրացուցիչ խթան կհանդիսանան ընդդիմադիր խմբակցությունների համար:
«Ճիշտ չի՞ լինի, որ կառավարությունը նախագահին առաջարկի, իսկ խմբակցությունները անդամներ առաջադրեն: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև պարզ հասկանալի է, որ իշխանական խմբակցությունը ձևավորում է կառավարությունը, մեծ հաշվով ձեր մոտեցումները կառավարության մոտեցումներից չեն տարբերվելու ձեր առաջադրած թեկնածուների մասով», - ասաց նա:
Հիշեցնենք` ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է վարչապետի փոխարեն տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունները կարգավորող մարմիններում թափուր հաստիքի համար թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել հաջորդականությամբ կառավարությանը, ապա խորհրդարանական մեծամասնությանը, ապա ընդդիմադիր խմբակցություններին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց պնդման հետ՝ ընդգծելով.
«Կառավարությանն ու ԱԺ կառավարող խմբակցությանը նույնացնել չարժի: Մենք արդեն այս վերջին մի ամսվա ընթացքում տեսանք, որ կառավարության և վարչապետի առաջարկած բոլոր թեկնածուները չեն, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը հավանությունն են ստանում»: