26/06/2019 09:59
Նախկին պատգամավորի տնից գողացել են եվրոպատուհաններ, դռներ, փականներ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստի հիման վրա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի, Ն. Ազիզյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կիլիկիացի Նապո»:
Ն. Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ:
Նկատենք՝ Նապոլեոն Ազիզյանի տունը առաջին անգամ չէ, որ թալանում են: 2011թ. օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին ԱԺ նախկին պատգամավորի՝ Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ՝ դիմել են փախուստի: