26/06/2019 10:17
Նորք-Մարաշում 25-ամյա աղջիկ է սպանվել
Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:
Դիակի վրա եղել են մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված է եղել:
Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը:
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանություն:
Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են:
Կատարվում է քննություն: