28/06/2019 13:38
Գործարարի որդու՝ բանակում չծառայելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ փաստաթուղթ կեղծելու համար
Գործարար Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»:
Քրեական գործի շրջանակներում առայժմ մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։
Ավելի վաղ գործարարի որդու՝ ՀՀ ԶՈւ-ում չծառայելու մասին գրել էր Hetq.am-ը՝ տեղեկացնելով, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:
Աշոտ Արսենյանը, նկատենք, գործարար է, ԱԺ նախկին պատգամավոր է եղել Հանրապետական կուսակցության կազմում։