28/06/2019 12:52
Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո շաքարի և բանանի ներմուծման շուկայում ակտիվություն չի նկատվում:
«Բանանի ներմուծումը սպեցիֆիկ է: Հեղափոխությունից հետո շատ մարդիկ փորձեցին ներմուծել բանան, բայց նրանցից շատերը խնդիրներ ունեցան: Եթե խնձորը կարող ես վաճառել, մի շաբաթից չվաճառվի, 10 օրից կվաճառվի, բանանինն այդպես չէ, պիտի ունենաս շուկա, որտեղ սպառես: Չես կարող այսօր բանան բերել՝ չիմանալով քո սպառման կետերը: Այստեղ ունենք արդեն ամուր դիրքերում կազմակերպություն: Այնպես է ստացվում, որ նոր խաղացողները կդժվարանան մտնել, բայց ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք ու մենաշնորհը վերանա», - ասաց Ճաղարյանը:
Անդրադառնալով շաքարի ներմուծման խնդիրներին՝ Ճաղարյանն ասաց, որ խնդիրը որակի մեջ է:
«Կազմակերպությունները, որոնք նոր են ուզում սկսել շաքարավազի ներմուծում, հաշվարկներ են կատարում ու նրանց մոտ չի ստացվում: Կարծում եմ՝ այստեղ որակի հետ կապված հարցեր կան, որակը պիտի խորը ուսումնասիրվի: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ ոքի ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել: Ինչքան էլ տարօրինակ է, շաքարավազի ներմուծմամբ միայն զբաղվում են պահածո և հրուշակեղեն արտադրող գործարանները, որովհետև քաղցրության, որակի հարցեր կան, մի փոքր ավելի թանկ է նստում իրենց վրա, բայց գերադասում են ներմուծել», - ասաց Ճաղարյանը: