28/06/2019 13:25
ԵԱՏՄ-ի պահանջը և ակցիզային դրույքաչափի բարձրացումը ծխախոտի արտադրանքի կտրվածքով. ՏԶՆԿ
Բանակցային գործընթացը մաքսային միության տարածքում գործող(այժմ՝ ԵԱՏՄ) ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման շուրջ սկսվել է դեռևս 2012թ.-ին: Տվյալ դրույթը ներառվել է ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրի 71-րդ հոդվածում, որից հետո երկրներն անցում կատարեցին համաձայնագրերի նախագծերի մշակմանը, այս մասին ասված է ՏԶՆԿ տարածած հաղորադագրության մեջ:
Տվյալ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված է անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ժամանակ ապրանքների նկատմամբ կիրառվող հարկման մոտեցումների էական տարբերությունների վերացումը (տե՛ս աղյուսակ 1):
Աղյուսակ 1. ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հոդված 71 հարկման ոլորտում անդամ պետությունների փոխգործակցության սկզբունքները
Սակայն տարիներ շարունակ անլուծելի էր մնացել ինդիկատիվ դրույքից շեղումների չափը, հատկապես ամենաէժան ծխախոտի կատեգորիայի համար:
2018թ.-ի նոյեմբերին Մինսկում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ԵԱՏՄանդամ-երկրները եկան փոխզիջման՝ ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության համաձայնագրի վերաբերյալ: Ալկոհոլային և ծխախոտի արտադրանքի վրա կիրառվող ակցիզների վերաբերյալ հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրերի նախագիծը հաստատվել էր և ուղարկվել էր անդամ երկրների միջև համաձայնություն ձեռք բերելու համար` մինչև 2019թ.-ի փետրվարի մեկը: Իսկ առաջին եռամսյակում վերամշակված նախագծերը պլանավորված էր ներկայացնել հանձնաժողովի խորհրդին՝ վերջինիս հետագա ստորագրման համար:
Համաձայն նախագծի սահմանվում է միասնական ինդիկատիվ դրույքաչափ ծխախոտային արտադրանքի վրա, որի դեպքում 2024թ.-ից գործելու է ինդիկատիվ ակցիզային հարկի դրույքաչափ՝ 35 եվրո 1000 հատի դիմաց (ինչպես նաև միասնական շեղման սահման փաստացի դյուքաչափից, որոնք ուժի մեջ են մտնելու 2024թ.-ին ±20% միջակայքում):
Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում այս ապրանքատեսակի գծով մինչև 2024թ.-ը: Ծխախոտի արտադրանքի պարագայում ակցիզային հարկի աստիճանական բարձրացումը կշարունակվի (1000 հատի համար նախատեսվող) մինչև 2024թ.-ը (2020թ.՝ 9,625 ՀՀ դրամ, 2021թ.-ին՝ 11070 ՀՀ դրամ, 2022թ,-ին՝ 12,730 ՀՀ դրամ, 2023թ.-ին՝ 14640 ՀՀ դրամ)), որպեսզի 1,000 հատի դիմաց ակցիզային հարկը նվազագույնը կազմի 28 եվրոյին համարժեք դրամ կամ 14,640 ՀՀ դրամ: Հետևաբար, մինչև 2024թ.-ը այս ապրանքատեսակի գծով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը բխում է ԵԱՏՄ-ի պահանջից: