28/06/2019 12:29
ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն խոստացավ մի քանի ամսից հաշվետվություն ներկայացնել. «Ընտրվելու դեպքում, պարոն Ճաղարյան»՝ հիշեցրեց ԱԺ նախագահը
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանը հանձնաժողովի վերջին տասը տարվա գործունեությունը 1-2 բալ է գնահատում:
«Քանի որ մեղք կգործեմ, որ ասեմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընդհանրապես չի գործել, թույլ տվեք 1-2-ի շրջանակներում մի կերպ տեղավորվել», - ասաց Ճաղարյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին, թե 10 բալային սանդղակով որքա՞ն կգնահատի հանձնաժողովի վերջին տասը տարվա աշխատանքը:
Պատգամավորը նկատեց՝ 1-2 բալը նշանակում է, որ, ըստ Ճաղարյանի, այդ կառույցն իր հնարավորությունների 80 տոկոսկը չի իրագործել:
«Ըստ այդմ՝ Ձեզ համար լիքը անելիքներ են բացվում: Այդ 80 տոկոսի բացթողումների մեջ մի 3 բան գոնե առանձնացրեք, ի՞նչը կարող էին անել, որ չեն արել», - հետաքրքրվեց Թունյանը:
Ճաղարյանն էլ նկատեց.
«Առաջինը՝ հանրության առաջ թափանցիկությունը, բաց լինելը, երկրորդը՝ օր ու գիշեր աշխատելը և խորը համագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ, միջազգային փորձի ինտեգրում… անելիքները շատ-շատ են: Կարծում եմ՝ մի քանի ամսից հաշվետվությամբ կներկայացնենք»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ուղղեց Ճաղարյանին. «Ընտրվելու դեպքում, պարոն Ճաղարյան»: