28/06/2019 19:54
Սոֆիայում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 40-րդ հանդիպումը
Հունիսի 28-ին Սոֆիայում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 40-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունն ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպումը վարել է ՍԾՏՀԿ նախագահող երկրի՝ Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զահարիևան։
Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը ներկայացրել է վերջին շրջանում ՀՀ ներքին ժողովրդավարական զարգացումները և կառավարության վերակազմավորման և օպտիմալացման գործընթացը։
Շեշտելով տարածաշրջանում ներառական տնտեսական համագործակցության կարևորությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությանը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։
Նա նշել է, որ աշխարհում կան բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ անդրսահմանային առևտուրը և տնտեսական նախագծերն օգնել են վերականգնելու ժողովուրդների և գործարար շրջանակների միջև կապերը՝ նպաստելով կայունության և խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը:
Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին տեղեկացրել է հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի համաշխարհային 23-րդ կոնգրեսի (WCIT 2019) մասին և ընդգծել, որ ՀՀ-ն որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր հիշյալ կոնգրեսի շրջանակներում նախատեսում է կազմակերպել ՍԾՏՀ երկրների համար հարակից միջոցառում, ինչը կարող է նպաստել նշյալ ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են, հակասում են ՍԾՏՀԿ կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կառույց:
ԱԳ նախարարարի տեղակալն անդրադարձել է նաև ՍԾՏՀԿ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։
ԱԳՆԽ-ի 40-րդ հանդիպման արդյունքում ընդունվել են բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ՝ ներառյալ ՍԾՏՀ-ում Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։ Ավարտին տեղի է ունեցելՍԾՏՀԿ-ում նախագահության՝ Հունաստանին փոխանցման արարողություն: