01/07/2019 16:33
Վարչապետի մակարդակով խոստացվել էր, որ Թեղուտի վերագործարկումից հետո գործազուրկ ալավերդցիներն աշխատանք կունենան, ինչպես տեսաք, դա էլ իրատեսական չէ. Արմեն Կիրակոսյան
Ալավերդու պղնձաձուլարանի արդեն նախկին աշխատողներն այսօր փակել են Երևան - Թբիլիսի երկաթգիծը:
Պատճառն այն է, որ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունը 200-ից ավելի աշխատակիցների պայմանագրերն այլևս չի երկարաձգել։
«Նրանք նախորդ տարվա հոկտեմբերից 2/3-ով վարձատրվում էին, հույսով, որ գոնե ինչ-որ բան փոխվի, պղնձաձուլական գործարանը վերագործարկվի կամ այլընտրանք առաջարկվի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակցիայի համակարգող, պղնձաձուլարանի արդեն նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը։
Նա նշեց, որ Ալավերդիում ապրող ժողովրդի վիճակն այսօր շատ վատ է, այդ աշխատավարձը գոնե ինչ-որ չափով խնդիր էր լուծում։
«Առաջարկներ կան, որոնք առաջ են քաշում պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները։ Վարչապետի մակարդակով խոստացվել էր, որ գործարանի չգործարկվելուց հետո գործազուրկ ալավերդցիների որոշակի հատվածը տեղափոխվելու էր Թեղուտ։
Թեղուտը վերագործարկվել է, ամեն տեղից մարդիկ մտել են աշխատանքի, բացի ալավերդցիներից։ Քարոզարշավի ժամանակ ամենաբարձր մակարդակով դա շեշտվել է։ Բացի այդ, մենք կառավարությունում 3 անգամ հանդիպում ենք ունեցել, այդ ժամանակ էլ է շոշափվել այս հարցը և ասվել է, որ Թեղուտի վերագործարկումից հետո լավ կլինի», - ասաց Արմեն Կիրակոսյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին աշխատակիցների մի մասը Վանաձորում հանդիպում է ունենում Լոռու մարզպետի հետ։