04/07/2019 19:10
Վրաստանում սկսած խժդժությունները զարգանում են անկանխատեսելի սցենարով. վերլուծաբան
Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցերը շարունակվում են: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:
Մեր հարցին, թե Վրաստանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի վրա ի՞նչ հետք կարող են թողնել, վերլուծաբան Ռոզի Միքայելյանը պատասխանեց.
«Վրաստանում սկսած խժդժությունները զարգանում են անկանխատեսելի սցենարով: Բայց ինչ ուղղությամբ էլ զարգացումներ լինեն, մենք պետք է հստակ գիտակցենք, որ այն իր անդրադարձը կունենա նաև մեր երկրի վրա:
Բայց, նախ արժի գնալ ոչ վաղ անցյալ ու հասկանալ սցենարների ինչ փոփոխությունը ինչ արտացոլում կունենա տարածաշրջանի ու հատկապես՝ մեզ վրա: Եթե կհիշեք, Վրաստանում Սահակաշվիլիի իրականացրած հեղափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում թվացյալ ոչինչ չփոխվեց, սակայն հենց Սահակաշվիլիի իշխանության շրջանում ամրապնդվեց Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան տանդեմը, ինչն իր հերթին չէր կարող այսպես թե այնպես չառնչվել Հայաստանին: Սահակաշվիլին ակտիվորեն խրախուսում էր Վրաստանում ներդրումները: Զարմանալի չէ, որ առաջին արձագանքողների շարքում էին Թուրքիան և Ադրբեջանը:
Նշեմ, որ մինչ Սահակաշվիլին՝ Աջարիայում թուրքական բիզնես չի եղել ընդհանրապես: Թուրքիան Վրաստանում ներդրումներ կատարող երկրների ցանկում առաջին հնգյակում էր: Իրականում ներդրումների զգալի մասը, որոնք Աջարիայում կատարում էին թուրքերը էներգետիկ ոլորտին էր առնչվում, մասնավորապես` ՀԷԿ-երի կառուցմանը: 1997-2003թթ. Թուրքիայից ուղղակի ներդրումները Վրաստանում կազմել են 203 մլն դոլար, մինչդեռ 2004-2011թթ. մոտ 800 մլն դոլար, որոնք կատարվել են արդյունաբերության, ծառայությունների, շինարարության և պետական և ռազմական օբյեկտների, երկաթուղիների և մայրուղիների արդիականացման և այլ ոլորտներում: Թուրքական ընկերությունների թիվը Վրաստանում հասնում է 200-ի: Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ներդրումները մեծ թափ են ստացել հենց Սահակաշվիլիի պաշտոնավարման օրոք և իներցիայով շարունակվում են առ այսօր: Հայտնի է նաև, որ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամանակ Թուրքիայի քաղաքացիներին համատարած Վրաստանի քաղաքացիություն էր շնորհվում:
Որպեսզի գույների խտությունը պատկերացնենք, նշեմ, որ Բաթումիի միջազգային օդանավակայանը կառուցվել է թուրքական ընկերության կողմից, որը շահագործվում է որպես Թուրքիայի ներքին օդանավակայան:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների 2004-2011թթ Ադրբեջանից ներդրումները կազմել են մոտավոր 500 մլն դոլար, չնայած որ Սահակաշվիլին 2012 թվականին հայտարարել էր, որ վերջին շրջանում Ադրբեջանը 800 մլն դոլար է ներդրել Վրաստանում»:
Միքայելյանը նաև ավելացրեց, որ թուրք-ադրբեջանական տնտեսական տանդեմն, այո, մեծ ներկայացվածություն ունի վրացական տնտեսության մեջ:
Ամփոփելով՝ նա ասաց.
«Թուրքերը ավելի շատ ներկայացվածություն ունեն Աջարիայում, որն էլ այօր, կարելի է ասել, մեծ թափով թուրքացվում է: Այս ամենն իր հերթին սպառնալիք է Վրաստանի համար: Ինչպես ժամանակին նշում էր Վրաստանի խորհրդանի նախկին պատգամավորներից մեկը, Աջարիան փաստորեն վերածվել է թուրքական էքսպանսիայի գոտու:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա նրանք հիմնականում ներկայացվածություն ունեն Քվեմո Քարթլիի շրջանում: Ինչպես որոշ վրացի փորձագետներն են նշում թուրքերը և ադրբեջանցիները «առանց կռվի վերցրեցին» տարածքներ»:
Վերլուծաբանը նաև ընդգծեց. «Եթե այս ամենը մեր հարևան Վրաստանի կողմից մատուցվում է որպես բիզնես շահ, ապա գոնե մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հետապնդվում է նաև Հայաստանի մեկուսացման նպատակ: Չնայած, արժի նշել, որ Սահակաշվիլիից հետո այդ դինամիկան ինչ-որ առումով դանդաղել է: Ցանկացած պարագայում և ցանկացած սցենարային զարգացման դեպքում այս ամենը մեզ համար անհետևանք անցնել չի կարող: Իսկ եթե Վրաստանում բողոքի ցույցերի ետնաբեմում երևա Թուրքիայի ու Ադրբեջանի շողքը, ապա մենք իսկապես մտահոգվելու խնդիր կունենանք»:
Վերլուծաբանի խոսքով, այստեղ միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ Վրաստանում արդեն սկսել են հասկանալ, որ տնտեսական կապվածության և դրանից բխող ներազդման թուրք-ադրբեջանական լծակները հավասարակշռելը օր օրի դառնում է ավելի բարդ:
Հարցին, թե ի՞նչ դիրքավորում պետք է ունենա Հայաստանը ստեղծված պայմաններում Միքայելյանը պատասխանեց.
«Իսկապես տարածաշրջանում բարդ սարդոստայն է ձևավորվել: Մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ Հայաստանի դաշնակից և բարեկամ երկու երկրների միջև հակամարտություն է հասունանում: Եվ այս պարագայում մեր կողմից խնդիրը պետք է դրված լինի չվնասելու սկզբունքի վրա, այն է. չվնասել հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները, հնարավորության սահմաններում նախաձեռնել քայլեր, որոնք կարող են իրենց նպաստը բերել վրաց-ռուսական հարաբերություններին: Մեր կողմից խնդիրը պետք է ամենօրյա կտրվածքով մշտապես լինի ուշադրության կենտրոնում: Պետք է լինի հարաբերությունների կարևորումը բոլոր հնարավոր ուղղություններով, որի հիմքը կլինեն իրական օրակարգեր թե՛ տվյալ պահին կարճաժամկետ, թե՛ առհասարակ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Անհարժեշտ է լինել նախաձեռնող ու ակտիվ աշխատանք տանել՝ ելնելով գործընթացների զարգացումներից»: